ԵԱՀԿ ներկայացուցիչները հանդիպել են սահմանամերձ հայ գյուղերի ղեկավարների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 8:49
Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ 3 գյուղերի գյուղապետերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովին եւ Ուիլյամ Փրիորին տեղեկացրել են ադրբեջանական կողմի հրաձգության մասին: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 7-ին՝ ԵԱՀԿ դիտարկումից հետո:
Ըստ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանի` այժմ, նախորդ ամիսների համեմատ, հարաբերական անդորր է՝ կապված դաշտային աշխատանքների ավարտի հետ: Որպես կանոն, կրակոցները հաճախանում են ցանքսի եւ բերքահավաքի աշխատանքների ժամանակ: «Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում կյանքը վտանգելով», – նշել է գյուղապետը: Ըստ նրա` 600 հա հողից գյուղացիները ներկայումս կարող են օգտագործել միայն երկու երրորդը: Նման իրավիճակ է նաեւ ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ըստ գյուղապետ Մանվել Կամենդատյանի` գյուղապատկան 700 հա հողերից կարելի է օգտագործել միայն 100 հա-ն: Այգեպար գյուղի հողը քիչ է (նախկին բանվորական ավան, որտեղ ժամանակին գործում էին 3 ձեռնարկություն)` 35 հա: «Սակայն կեսն էլ չենք կարողանում օգտագործել կրակոցների պատճառով», – նշել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետերը ԵԱՀԿ ներկայացուցիչներին նաեւ տեղեկացրել են, որ Այգեպար-Մովսես ճանապարհը, որտեղ այս տարվա գարնանը Հայաստան ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել էր պայմանագրային ծառայողների մեքենայի վրա (զոհվել էին հայ 3 պայմանագրային զինծառայողներ), մինչ այժմ անապահով է: «Ճանապարհից օգտվել կարելի է միայն ցերեկը»: «Ես՝ որպես խաղաղ բնակիչ, կցանկանայի իմանալ, թե ինչ են մտածում ադրբեջանցի գյուղացիները, որ նրանց զինվորականները կրակում են խաղաղ բնակիչներին», – նշել է Անդրանիկ Այդինյանը:
Հանդիպման ավարտին գյուղապետերը ԵԱՀԿ ներկայացուցիչներին խնդրել են փոխանցել խաղաղ ապրելու իրենց ցանկությունը: «Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել եւ զբաղվել հողագործությամբ: Մենք նույնպես կարող ենք հրաձգության ենթարկել սահմանից այն կողմ գտնվող գյուղերը: Բայց ախր չենք անում»:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
