Արաբկիրի դատախազը պաշտոնանկ է եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 7, 2012 19:05

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լևոն Չարխիֆալակյանը:

Մինչ այս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազն էր Գրիշա Միքայելյանը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Պաշտոնապես պատճառները չեն ներկայացվում: Ըստ Ս.Տռուզյանի՝ դրանց մասին տեղեկատվություն կտրամադրվի կարգապահական վարույթների ավարտից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի` դեռևս սեպտեմբերի 6-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու և ստանալու, քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու և դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Եվ բացառված չէ, որ հարուցված կարգապահական վարույթներն ուղղակի կապ ունեն նշված քրեական գործի հետ:

«Փաստինֆո»

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply