Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ավելանում է երկու բաժանմունք
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 10, 2010 12:07
«Հայաստան համահայկական հիմնադրամ» գործադիր վարչութոյւնը տեղեկացնում է, որ բրազիլահայ համայնքի աջակցությամբ Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա ևս երկուսով:
Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները:
Ծրագիրը ստանձնելու իր որոշման մասին Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը հայտնել էր դեռ 2009-ի հոկտեմբերին, երբ բրազիլահայ պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Երևան:
«Հիմնադրամի գործունեության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ բարերարը մեկ ծրագիր հովանավորելուց հետո ցանկություն է հայտնում հոգալ հաստատության այլ կարիքները եւս: Արդյունքում շահառուի խնդիրները համալիր լուծում են ստանում: Այսօրինակ դեպքերը մեկ անգամ եւս փաստում են Հիմնադրամի մեծ ներուժն ու վստահությունը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
2005թ. ի վեր Հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգվել է հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապեւտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, ինչպես նաեւ փոխվել Բ մասնաշենքի տանիքը, կառուցվել ջեռուցման համակարգ ու կաթսայատուն:






Facebook
Tweet This
Email This Post
