ԿԳ նախարարն այցելել է Լոռու մարզի ուսումնական հաստատություններ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 7, 2012 15:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր, որտեղ նախարարը մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը: Արմեն Աշոտյանը շնորհավորել է լոռեցիներին նախակրթարանների բացման կապակցությամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարության իրականացրած ծրագրերը հասել են որոշակի հաջողությունների, ինչի վառ ապացուցն է 2012 թվականին Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա:

«Այն համայնքները, որտեղ բացակայում են մանկապարտեզներ, և առկա է երեխաների նախնական կրթության խնդիր, ծրագիրը կկրի շարունակական բնույթ, եթե, իհարկե, առկա է նաև  համայնքի շահագրգռվածությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որևէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է: Մեր խնդիրն է` ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակության վայրից»,-նշել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով նախակրթարանների կահավորման խնդրին` նախարարն ընդգծել է, որ նշված հարցը ոչ միայն լուծված է, այլև բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասխան ֆինանսավորում` մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն,  գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ: «Իհարկե, այստեղ ևս մենք մատնանշում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների խնդիր, քանի որ առկա է կրթության ապակենտրոնացման խնդիր` տարբեր շահառուներ և պատասխանատուներ կան կրթության ոլորտում, որը դժվարացնում է միասնական պետական քաղաքականության իրականացումը»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. «Հատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթություն ստանալու և հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունք, այդ իսկ պատճառով պետությունը պարտավորվել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն և դաստիարակություն»,-նշել է նախարարը:

Արմեն Աշոտյանի հաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային և հնարավորություններին, զրուցել ուսանողների հետ: «Մենք ունենք հաջողություններ  նաև  մասնագիտական կրթական ոլորտում, որի օրինակներից մեկն է Լոռու մարզի պետական տարածաշրջանային քոլեջը, որը կայուն, բարձրորակ հաստատության է վերածվել` շնորհիվ ՀՀ կառավարության լրացուցիչ ներդրումների, միջազգային աջակցության` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտություններ, դեպի աշխատաշուկա միտված կրթական ծառայություններ»,-ընդգծել է նախարարը:

Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: «Բարձրագույն կրթական համակարգում այսօր կատարվում են լուրջ խորքային փոփոխություններ, և պետական քաղաքականությունը, առաջադեմ լինելով հանդերձ, երբեմն տեղերում բախվում է դիմադրության, և բարեփոխումների իրականացման արագությունը չի բավարարում ոչ կրթության պատասխանատուներին, ոչ էլ հասարակությանը: Վերոնշյալ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև կրթության որակի բարձրացման և կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան, այդ թվում նաև տեղական աջակցության շնորհիվ»,-դիմելով գիտխորհրդի անդամներին` նշել է նախարարը` անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին: «Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են և մեզ, և հանրությանը: Խնդիրներից մեկը  կրթական ոլորտի կոռուպցիոն երևույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ  է, որ այդ երևույթները կան, և նրանց նվազեցման արագությունը  մեզ նույնպես չի բավարարում: Կրթության որակ և կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատական սկզբունքով:  Հետևաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը»,-փաստել Արմեն Աշոտյանը` որպես ոլորտի առաջնային խնդիրներ անդրադառնալով կրթության որակի, ինչպես նաև կրթական ծառայությունների մատչելիության հարցերին: «Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, և ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթևությամբ  կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը: Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձև է բարձրաձայնված, ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չպետք է մնա բուհից: Ըստ այդմ, կառավարության որոշմամբ անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ, ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են  կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների և հիմքերի վրա: Մշակվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու և ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, և այս գործընթացը նույնպես կդառնա առավել թափանցիկ, օբյեկտիվ և կապված չի լինի անձի կամ կառույցի բարեհաճ վերաբերմունքից»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ լավ սովորել ցանկացող ուսանողներին աջակցման նպատակով ուսանողական վարկերի տրամադրման յուրովի մեխանիզմ է մշակվում, որը, ըստ նախարարի, կներդրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև պետական բուհերի, այդ թվում նաև Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի  իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման և կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու  և այլ խնդիրներ: «Վանաձորի նման  խոշոր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կկենտրոնացնի մարզի ողջ պրոֆեսորադասախոսական ներուժը և և կսպասարկի մարզի տնտեսական և հասարակական շահերը»,-եզրափակել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս ներկայացրած առաջարկություններին:

Կայացած միջոցառումներին և հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply