Պաշտպանն օժտեց իրեն դատարանի գործառույթներով (լրացված)
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 20:24
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում տուժող Արտակ Բայադյանը նորից հայտարարեց, որ համալիրի ավտոկայանատեղիի տարածքում առնվազն 15 հոգի միասնաբար հարվածում էին իրեն ու մյուս տուժողներին, չհարվածող մարդ կամ առավել ևս «բաժանողներ» կամ հաշտեցնողներ չեն եղել: «Ամեն ինչը պլանավորված էր»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ բոլորը խառը հարվածում էին, կոնկրետ իրեն միանգամից 5-6 հոգի հարվածում էին, և հնարավոր չէր որևէ կերպ պաշտպանվել: Հարվածներ ստանալուց մինչև ուշագնաց լինելը 2-3 րոպե է տևել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, նիստում ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը գերազանցեց ինքն իրեն. նա հարցերի տարափ էր տեղում և մերթ ընդ մերթ նախատում տուժողին՝ «նայեք դատարանին»: Տուժող կողմի գնահատմամբ՝ պաշտպանը ստանձնել է դատարանի գործառույթները:
Տուժող կողմի ուշադրությունից չվրիպեց նաև այն, որ պաշտպանն իր պաշտպանյալի պաշտպանությունից զատ ստանձնել էր նաև այլ ամբաստանյալների պաշտպանությունը՝ տալիս էր նրանց շահերից բխող հարցեր: Սակայն ի վերջո եղան նաև իր պաշտպանյալի շահերից բխող հարցեր: Մասնավորապես, Մ. Պողոսյանն ու ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հարցեր ուղղեցին իրենց պաշտպանյալներին ճանաչման ներկայացնելու գործողության մասին՝ արդյոք պաշտպանյալների հետ ներկայացված անձինք արտաքին տեսքի ու հագուկապի նմանություն ունեին, թե ոչ: Տուժողը հայտարարեց, որ ուշադրություն չի դարձրել դրա վրա, համեմատելու կարիք չի եղել՝ ինքն աներկբա ճանաչել է ամբաստանյալներին:
Պաշտպանական կողմը միջնորդեց այսուհետ դատական նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ՝ իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը լիարժեք իրագործելու նպատակով: Դատարանը նշեց, որ արդեն որոշում է կայացրել շաբաթական 2 դատական նիստ անցկացնելու մասին, սակայն չբացառեց, որ հետագայում այդ որոշումը կարող է վերանայվել: Նախորդ դատական նիստում սկսված, այսօր շարունակված տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ի դատական նիստում:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
