Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Պաշտոնական, Օրվա լուր | | November 6, 2012 16:50

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը:  Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ-ի ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի:

Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները ևս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և շահագործման հանձնված նոր բակային տարածքը հիմնականում կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում. «Ողջունելի է, որ բնակիչները ևս իրենց մասնակցությունն են ունենում բակերի բարեկարգման ծրագրերին: Բարեկարգ բակ ունենալու համար, նրանք իրենց ձեռքով քանդում են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները, անգամ լինում են դեպքեր, երբ իրենց ցանկությամբ տեղափոխում են նաև ավտոտնակները»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:  Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Բ 4 թաղամասի Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում:  Դեռևս ամիսներ առաջ անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին, ով ապրելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այս բակում իր մասնակցությունն է ունեցել բակի բարեկարգման հարցում:   Քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակում ևս քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած  «Բարեկարգ Երևան»  ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը.

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման շրջանակում մենք մեր առջև խնդիր ենք դրել առաջիկա տարիների ընթացքում բարեկարգել երևանյան բոլոր բակերը:  Միայն այս տարվա ընթացքում մենք արդեն շուրջ 400 բարեկարգված բակ ենք հանձնել մեր բնակիչներին: 2013թ-ի բյուջեում ևս նախատեսելու ենք բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ:  Եթե ծրագրի սկզբում մեր համաքաղաքացիները թերահավատորեն էին մոտենում այս աշխատանքների ավարտին, ապա այսօր անհամբերությամբ են սպասում հերթական բակի բացմանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչներին ևս առաջարկելով մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply