Հենրիխ Մխիթարյան. «Լոնդոնում այլ ֆուտբոլ է լինելու»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 11:41
Նոյեմբերի 7-ին անգլիական «Չելսին» Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում հյուրընկալելու է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դոնեցկի «Շախտյորին»: Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին հայտնել է, որ թեև լավ են անցկացրել Դոնեցկում այդ մրցակցի հետ հանդիպումը, սակայն Լոնդոնում այլ ֆուտբոլ է լինելու:
Ահա թե ինչ է ասել առաջիկա մրցամարտի մասին Մխիթարյանը. «Իհարկե, հաճելի չէ, երբ թիմն առանց քեզ է խաղում: Դու չես կարող օգնել թիմակիցներիդ, մինչդեռ շատ ես ցանկանում անել դա: Այդ իսկ պատճառով ավելի շատ ես ապրումներ ունենում, քան խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները: Ճիշտ է, խմբի առաջատարի կարգավիճակով ենք մեկնում Լոնդոն, սակայն այնտեղ պետք է խաղանք «Չելսիի» հետ: Խաղադաշտում կցուցադրենք այն ամենը, ինչի ունակ ենք: Եթե դրական արդյունքի հասնենք, այդ ժամանակ էլ խմբի իսկական առաջատարը կլինենք: Մենք շատ լավ էինք նախապատրաստվել Դոնեցկում կայացած առաջին խաղին, բայց Լոնդոնում այլ ֆուտբոլ է լինելու: Վստահ եմ՝ «Չելսին» լավ վերլուծել է մեր խաղը, ուսումնասիրել է մեզ: Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Չեմպիոնների լիգայի խաղերը տարբերվում են Ուկրաինայի առաջնության հանդիպումներից, սակայն տարբեր թիմերի հետ խաղալը շատ ավելի հետաքրքիր է: Առաջնությունում կարող ես սխալվել, սակայն ոչ միշտ ես պատժվում դրա համար: Իսկ Չեմպիոնների լիգայում մեկ գնդակը կարող է որոշիչ լինել: Այստեղ հասկանում ես, որ սխալվել չի կարելի: Պետք է ավելի համախմբված և կենտրոնացած գործես»,- ասել է Մխիթարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
