ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 5, 2012 19:08

Նոյեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարևորելով նաև ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

* * *

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply