Երևանում առաջին անգամ անցկացվեց Տիգրան Թերզյանի հանդբոլի հուշամրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2012 16:13

Երևանում առաջին անգամ անցկացվեց Տիգրան Թերզյանի հանդբոլի հուշամրցաշարը:

Տիգրան Թերզյանը հայկական հանդբոլի երախտավորներից, հիմնադիրներից է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, թիմերը մեր երկրի պատիվն են պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: 1967-ից Թերզյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, իսկ 2000-ից կրել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: Նա Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, Թերզյանը նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր:

Երեք տարի է, որ Թերզյանը հրաժեշտ է տվել կյանքին, սակայն նրան չեն մոռացել, իսկ հիշատակը վառ պահելու համար կազմակերվել էր հուշամրցաշարը: Ճանաչված մասնագետը 1993-ից մինչև մահը Երևանի խաղային մարզաձևերի դպրոցի տնօրենն էր, և այդ մարզօջախի նախաձեռնությամբ էլ, որը ներկայումս կրում է Հանդբալի մասնագիտացված դպրոց անվանումը, կազմակերպվել էր այս ստուգատեսը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարի ոլորտ էին ներգրավվել մինչև 15 տարեկան հանդբոլիստների 5 թիմեր: Հիմնական պայքարն ընթացավ հանբոլի մասնագիտացված դպրոցի, Շենգավիթի և Նոր Նորքի հավաքականների միջև: Ի վերջո, այդ թիմերն էլ համապատասխան հերթականությամբ գրավեցին առաջին երեք տեղերը: Սկզբունքային` հաղթողի կոչմանն արժանանալու համար խաղում ՀՄԴ-ի թիմը 25:13 հաշվով առավելության հասավ Շենգավիթի հավաքականի նկատմամբ: 4-րդ և  5-րդ տեղերը գրավեցին ԽՄՕՄ-ի և Աջափնյակի հավաքականները:

Մրցումների օրերին մարզասրահում խաղերի ընթացքին հետևում էին Տիգրան Թերզյանի որդիները` Սամվելը և Սպարտակը: Իսկ վերջում, հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ նրանք պարգևներ հանձնեցին աչքի ընլած թիմերի խաղացողմերին:

ՀՄԴ-ի տնօրեն Էդիկ Օհանյանը հայտնեց, որ մրցաշարը կդառնա ավանդական և կանցկացվի ամեն տարի: «Նպատակ ունենք այն հետագայում դարձնել  միջազգային և հրավիրել մասնակցելու տարբեր երկրների ներկայացուցիչների»,- ասաց Օհանյանը:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply