Վարդան Օսկանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 5, 2012 16:42

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ցուցմունքներ տալ:

Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցներին հետաքրքրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նոյեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած պնդումը, թե Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռեւս 2009 թվականից:

Հիմնադրամն իր այս վարկածն ապացուցող մի քանի օրինակներ էր մատնանշել հայտարարել մեջ: Սակայն ԱԱԾ-ն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքրվել է հատկապես մեկով, ըստ որի 2009 թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առեւտրային բանկերից մեկի խորհրդի անդամ, սակայն բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպել են Օսկանյանի հանել խորհրդի անդամությունից: Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ այս հարցում եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միջամտությունը:

«ԱԱԾ-ն փորձեց հարցաքննել, պարոն Օսկանյանը ցուցմունք չտվեց այդ կապակցությամբ», – ասաց Աթանեսյանը:

Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասաց` չի ընդունում դրանք:

 

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը որոշի պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, ինչի ջատագովը ինքը` Օսկանյանն է, ի՞նչ քայլեր կձեռնարկի, արդյոք կլքի՞ ԲՀԿ-ն, Օսկանյանը պատասխանեց. – «Սպասենք ԲՀԿ-ի որոշմանը: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կկայացնի իր որոշումը, եւ որոշումը կայացնելուց հետո մենք միասնական ջանքերով կշարունակենք մեր պայքարը, եւ ԲՀԿ-ն անկասկած իր մեծ ներդրումը կունենա այս ամենի մեջ: Շատ ժամանակ չի մնացել, սպասեք, շատ շուտով դրա պատասխանը կլինի»:

ԱԱԾ-ում Օսկանյանին այսօր նաեւ տեղեկացրել են, որ կսկսեն ստուգել իր բանկային հաշվեհամարները:

Աստղիկ Բեդեւյան

azatutyun.am

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply