Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 5, 2012 12:32

Հայաստանի Հանրապետության հեռուստադաշտում առկա փոփոխություններին զուգահեռ մեծանում է նաև հանրության դժգոհությունը հայկական հեռուստատեսությունների արտադրանքի մի զգալի մասից: Հաճախ են  քննարկվում և քննադատվում հայկական հեռուստաընկերությունների եթերի բովանդակությունն ու դրա ազդեցության բարոյահոգեբանական հետևանքները: Այս խնդիրներին  պարբերաբար անդրադառնում են  զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում  իրենք՝ հեռուստաընկերությունները: Մտավորականության կողմից ևս բազմիցս բարձրացվել է այս հարցը,  վերջերս նաև՝ ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակի տեսքով:

Հանրության շրջանում ընթանում են թեժ քննարկումներ, որոնք մասնավորապես վերաբերում են Հանրային հեռուստատեսության անհամապատասխանությանն իր առաքելությանը, այն է՝

  •  օժանդակել մեր երկրում ազգային եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը,
  •  նպաստել հայրենասիրության, կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի   տարածմանն ու զարգացմանը,
  • ներկայացնել ՀՀ, Արցախի, հայկական սփյուռքի, հասարակության տարբեր խմբերի, ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ լուսաբանել նրանց հուզող խնդիրները:

Ուստի, անհրաժեշտ է ողջ հեռուստադաշտի համար սահմանել առավել ընդունելի զարգացման ուղի՝ առաջին հերթին արմատապես փոխելով Հանրային հեռուստատեսության նպատակներն ու բովանդակությունը՝ դրանք ուղենիշ դարձնելով նաեւ մասնավոր հեռուստաալիքների համար:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, Հանրային խորհուրդը, քննարկելով հիմնահարցը շահագրգիռ կողմերի` հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, շահառուների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրելով միջազգային փորձը, ներկայացնում է հեռուստաեթերի բարեփոխմանն ուղղված հետևյալ առաջարկները:

  1. Նկատի ունենալով Հանրային հեռուստատեսության բացառիկ դերը հասարակության մեջ ու զանգվածային լրատվության դաշտում և դրա գործունեության բարեփոխման անհրաժեշտությունը՝

Առաջարկում ենք.

Հանրային հեռուստատեսության ղեկավարության մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի քննարկումների միջոցով իրականացնել Հանրային հեռուստատեսության եթերային քաղաքականության էական բարեփոխումներ, մասնավորապես.

Ա) Հստակեցնել Հանրային հեռուստատեսության գործունեության ներկայիս նպատակները` համապատասխանեցնելով այն խնդիրներին, որոնք նշված են “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենք”-ում:

Բ) Էապես ավելացնել գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական, պատմական, ազգային, հոգևոր և դաստիարակչական, մանկական հաղորդումների, ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությունն ու ցուցադրությունը:

Գ) Հ1-ը ամբողջությամբ դուրս բերել կոմերցիոն ոլորտից` զրկելով նրան առեւտրային գովազդ թղարկելու իրավունքից` պահպանելով.

  • բոլոր գոյություն ունեցող պամանագրային պարտավորությունները այդ ասպարեզում,
  • սոցիալական գովազդի իրավունքը,
  • հաղորդումների` հովանավոր ունենալու իրավունքը:

Հաղորդումների որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտության դեպքում ավելացնել ֆինանսական հատկացումները պետության կողմից:

Դ) Խրախուսել հստակ նպատակներ հետապնդող դաստիարակչական, հայրենասիրական, կրթական եւ մշակութային, սոցիալական գովազդների նկարահանումն ու ցուցադրությունը Հանրային հեռուստատեսությամբ: (Ուսումնասիրել սոցիալական գովազդների պատրաստումն ու հեռարձակումը ԱԱՀ-ից ազատելու մասին օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարության հարցը:)

Ե)Ձեւավորել հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման պարբերական դասընթացների ինստիտուտ:

Զ) Իրականացնել հեռուստաարտադրանքի ինչպես հասարակական, այնպես էլ մասնագիտական գնահատման ինստիտուտի ներմուծում, խուսափելով գործունեության արդյունքները զուտ  ծավալային-քանակական ռեյտինգային ցուցանիշերով գնահատելու պրակտիկայից:

Է)  Հեռուստահաղորդումներում հատուկ ուշադրություն դարձնել լեզվական գրագիտությանն ու ինտոնացիոն /առոգանական/ մշակույթին` հեռուստաֆիլմերում և հեռուստաներկայացումներում չբացառելով բարբառային կամ ժարգոնային չափավոր տարրը:

  1. Հաշվի առնելով կրթադաստիարակչական գործառույթների առումով հեռուստաեթերի բացառիկ նշանակությունն ու կարևորությունը՝

Առաջարկում ենք.

            Ա) Համապատասխան գերատեսչություններին հանդես գալ վերոնշյալ հեռուստաարտադրանքի ստեղծման նախաձեռնություններով, դրանք իրականացնելով պատվերների ու մրցույթների տեսքով: 

Բ) Ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական և կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն` դրա իրագործումը հանձնարարելով ինչպես Հանրային հեռուստա- և ռադիոընկերություններին, այնպես էլ Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություններին և այլ համապատասխան գերատեսչություններին:

 

  1.  Նկատի ունենալով լեզվական, բովանդակային, ինչպես նաև մատուցվող գեղարվեստական ու բարոյական արժեքների տեսանկյունից  հեռուստաարտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը՝

Առաջարկում ենք.

Մշակել հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության ու փորձաքննության գործառույթներ իրականացնող օղակը: Այդ ստորաբաժանման առկայության պահանջն ամրագրել հեռուստաընկերություններին լիցենզիայի տրամադրման պարտադիր պայմանների շարքում՝ դրա գործունեության կարգի մշակման ու սահմանման իրավունքները վերապահելով հեռուստաընկերություններին:

 

  1.  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում» հստակ ամրագրված են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` արգելվում է «ակնհայտ բռնություն», «անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն» ունեցող հեռուստաարտադրանքը: Այդուհանդերձ, բացակայում են այդ երևույթների գնահատման հստակ չափորոշիչները, չի նշվում նաև, թե ի՞նչ մեթոդով է որոշվելու «մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցությունը»:

Առաջարկում ենք.

Հեռուստատեսության եվ ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ՝ վերոհիշյալ չափորոշիչների ու գնահատման մեթոդաբանության մշակման եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար:

 

  1. ՀՀ Վարչական օրենսգրքում բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: Առկա է միայն գովազդի հետ կապված խախտումների դեպքում կիրառվող պատժի մասին հատվածը: Վարչական օրենսգրքի այս բացը դժվարություններ է ստեղծում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համապատասխան դրույթները իրագործելու, տույժեր և տուգանքներ կիրառելու մասին որոշումները դատական կարգով պաշտպանելու համար:

Առաջարկում ենք.

Օրենքով սահմանել հեռահաղորդակցության բնագավառում ներգրավված սուբյեկտների համար պատասխանատվության ավելի ճկուն ու բազմազան միջոցներ՝ մասնավորապես ընդլայնել մինչև լիցեզիայից զրկումը կիրառվող  ֆինանսական պատժամիջոցների հատվածը:

 

  1.     Հեռուստաեթերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարքում պետք է կարևորել նաև հեռուստաարտադրանքի գնահատման և մրցանակաբաշխության ինստիտուտի ձևավորումը: Նկատի ունենալով, որ հեռուստաընկերություններին որոշակի հաղորդումներ պատվիրելու քաղաքականությունը բավական ծախսատար է եւ ենթադրում է լրացուցիչ ֆինանսական հատկացումներ:

       Առաջարկում ենք.

Ա) Ձևավորել հեռուստաարտադրանքի ազգային մրցանակաբաշխության ինստիտուտ:

 Այդ խնդրի լուծման կապակցությամբ ստեղծել համապատասխան հանձնաժողով, մրցանակային ֆոնդ` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով հեռուստաեթերի մրցանակաբաշխության անվանակարգեր, հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածի առաջնահերթությունները:

Բ) Ուսումնասիրել որոշակի չափորոշիչներով հեռուտաարտադրանքի որակավորման-կոդավորման և ըստ հեռուստալսարանի տարիքային սեգմենտավորման՝ դրա հասցեագրման միջազգային փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում:

 

  1. Հեռուստաեթերի որակի մշտադիտարկման և  հեռուստաընկերությունների գործունեություն ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով

Առաջարկում ենք.

2010թ. «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան» ստորագրած հեռուստաընկերություններին ստեղծել մշտադիտարկման կառույց՝ Խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման եւ վերահսկման համար: Արդյունքները դարձնել հանրային իրազեկման և քննարկումների նյութ:

  1. 8.            Առաջարկում ենք  նաև.
  •  ՀՌԱՀ-ի կողմից հեռուստաընկերություններին լիցենզիա   տրամադրելու կարգը բարեփոխել, ավելացնելով այն  նոր պահանջները, որոնք կնպաստեն հասարակայնության կողմից հեռուստատեսությանը ներկայացվող պահանջների իրականացմանը:
  • Պարտադրել ՀՌԱՀ-ին` խստորեն հետեւել լիցենզիայով ներկայացված պահանջների կատարմանը հեռուստաընկերությունների կողմից /հատկապես կապված առեւտրային գովազդների հետ/`կիրառելով օրենքով նախատեսված պատիժները:
  • ՀՌԱՀ-ին կից ստեղծել հեռուստաեթերի շուրջ հասարակական կարծիքի ուսումնասիրման հանձնախումբ` ներգրավելով նրա մեջ պրոֆեսիոնալ մասնագետների, հասարակության ներկայացուցիչների:

 

  1. 9.                Առանձին քննարկել.

մշտական վերլուծական եւ որակավորման կենտրոնի ստեղծումը` ներգրավելով այդ ոլորտի լավագույն մասնագետներին:

 

 

ՀՀ Հանրային խորհուրդ

03.11.2012թ

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply