Հալեպում առեւանգված հայերից մեկն ազատ է արձակվել, սակայն համայնքը կրկին զոհ է տվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 9:36
Հալեպում պատանդառված հայերը ողջ եւ առողջ են: Նրանցից մեկին` Ջորջ Ռաբատին, ազատ են արձակել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Այսօր նույն տեղում` Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առեւանգել են եւս մեկ հայի` Սաքո Կոզանին: Մի քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից սպանվել է եւս մեկ հայ քաղաքացի` 1968թ. ծնված Վարդան Խաչատրյանը»,-նշեց Բալայանը:
Զինյալ ապստամբները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում եւ սկսել ստուգել այն: Այնուհետեւ նրանք իջեցրել ուղեւորներին եւ առանձնացրել քրիստոնյա ուղեւորներին, որից հետո ազատ են արձակել կանանց եւ երեխաներին, սակայն իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայեր են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ: Նրանց թվում նաեւ ասորի եւ քուրդ կա: Տեղեկություններ կան, որ սեւազգեստ զինված ապստամբները տղամարդկանց ծնկի են իջեցրել եւ սկսել հարվածել, այնուհետեւ տարել անորոշ ուղղությամբ: Հայտնի է առեւանգված հայերից մի քանիսի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:






Facebook
Tweet This
Email This Post
