Ստամբուլահայ երիտասարդ ուսուցչուհիները կմասնակցեն հայ գրականության օրերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 9:11

Ստամբուլի հայկական դպրոցներում ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով «Վաքըֆների փոխօգնության և կապի հիմնադրամ»-ի տրամադրած կրթաթոշակով Ստամբուլի Այդըն համալսարանի մանկավարժության բաժնում մի քանի հայ ուսանող է սովորում: Ապագա ուսուցիչները այս տարի ավարտական կուրսում են գտնվում: Նրանք դեկտեմբերի 15, 18 և 20-ին ելույթ են ունենալու Քումքափըի Որդոց Որոտման եկեղեցու Մեսրոպ Մութաֆյանի մշակույթի կենտրոնում կազմակերպված հայ գրականության օրերի շրջանակներում: Այս մասին հոդված է տպագրել ստամբուլյան «Ակոս» շաբաթաթերթը:
Նախաձեռնության մասնակիցներն են երիտասարդ հայ ուսուցչուհիները`Նադիա Չընարը, ով փորձաշրջան է անցնում Սահակյան վարժարանում, Թոփքափըի Լևոն Վարդուհյան դպրոցում փորձաշրջան անցնող Իզաբել Մարտիրոսյանը և Լեդա Սիմոնը, ով ուսուցչության փորձ է ձեռք բերում Յեշիլքյոյի դպրոցում: Նրանք ընթերցելու են նշանավոր հայ բանաստեղծների ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել է Արամ Կոստանյանը, նախատեսվում է նաև հայկական երգի ու պարի ցուցադրություն:
Երիտասարդ հայ ուսուցիչները, որոնց դասավանդում է Տատյան վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Բայզար Յուջեյանը, համալսարանական կրթության հետ մեկտեղ մասնակցում են նաև հայոց լեզվի դասընթացների, որոնք կազմակերպել է «Ուսուցիչների հիմնադրամ»-ը, իսկ դասավանդում են Սևան Դեղիրմենջյանն ու Կարապետ Տակեսյանը:
Երիտասարդ աղջիկները, որոնք Հայաստան են այցելել ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի շրջանակներում, անհամբեր սպասում են, թե երբ են սկսելու դասավանդել հայ երեխաներին: Պետք է նշել, որ Ստամբուլի հայկական դպրոցներում նոր կադրերի պակաս կա և շատ կարևոր և ողջունելի է, որ պոլսահայ երիտասարդները որոշում են մանկավարժ դառնալ`այդպիսով օգնելով իրենց հայրենակիցներին պահպանելու հայոց լեզուն, հայկական մշակույթն ու կրոնը թուրքական միջավայրում, որտեղ մեծ է ձուլվելու վտանգը:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply