Ակնկալվում է ՀՀ քաղաքացիություն հայցողների կտրուկ աճ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 3, 2012 15:22
2013թ. պետական բյուջեի նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար գանձվող պետական տուրքի գծով մուտքերը կանխատեսվել են 53,5 մլն դրամի չափով` 2012 թ.-ի համար հաստատված 24,3 մլն դրամի, սպասողական 42,1 մլն դրամի և 2011 թ.-ին փաստացի ստացված 25 մլն դրամի դիմաց:
Կառավարության հիմնավորմամբ, պետական տուրքի այս տեսակի գծով 2013թ. ցուցանիշը ծրագրվել է` ելնելով ընթացիկ տարվա փաստացի հավաքագրման միտումներից:
Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող պետական տուրքերի գծով 2013 թ. մուտքերը կանխատեսվել են ավելի քիչ, քան ընթացիկ տարվա համար: Այսպես` 2013թ. համար ծրագրված են շուրջ 1 մլրդ 955 մլն դրամի չափով մուտքեր՝ 2012 թ. համար հաստատված 2 մլրդ 27 մլն դրամի, սպասողական 2 մլրդ 254 մլն դրամի:
Պետական տուրքի այս տեսակի գծով 2013 թ. ցուցանիշը, ըստ կառավարության, ծրագրվել է, ելնելով 2011-2012թթ. փաստացի մուտքերի հավաքագրման միտումներից, 2012 թ. սպասողական մուտքերից, հաշվի առնելով ՀՀ կառավարության Եվրոպական Միության անդամ և ոչ անդամ 29 պետությունների քաղաքացիների մուտքի վիզայի ազատականացման 2013թ.-ից իրականացվելիք քաղաքականությունը:
Հաշվարկներում, հավաքագրման միտումներից բացի, հաշվի է առնվել նաև այդ տարիներին ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
