Առողջապահության նախարարը պարտավոր է միջոցների արդյունավետ կառավարման մեխանիզմ ապահովել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2012 14:29

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2013 թ. բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ Նախարարի ս/թ օգոստոսի 1-ի հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ ծննդի համար հատկացվող գումարը։ Ի դեպ, հանձնարարվել է ավելացված այդ գումարն ուղղել աշխատավարձի ֆոնդին։

2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից, կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը։

Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

«Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն: Ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման և բարձր գներով դեղերի ձեռքբերման վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը։ Մենք պիտի հասնենք նրան, որ բժշկին չհետաքրքրի հիվանդը վճարելու է, թե պետական պատվերով է ստանալու իր բուժումը։ Բժիշկը պիտի կենտրոնանա իր գործն ամենաբարձր մակարդակով կատարելու վրա` վստահ, որ համապատասխանաբար վճարվելու է»,- նշել է նախարարը:

Նա ժամկետ չի նշել, թե ե՞րբ կառարկայանա այդ զարգացումը, սակայն վստահեցրել է. «Նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից ներդնել»:

«Փաստինֆո»

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply