ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 3, 2012 8:44

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով և տպագիր մամուլում հաճախակի շրջանառվում է Հայաստանի հուշարձանների տարածքում «AMAP» կազմակերպության տեղադրած տեղեկատվական բազմալեզու վահանակների թեման, մասնավորապես նշվում են վահանակների տեքստերում առկա խեղաթյուրված փաստերը։
Տեղեկացնում ենք, որ մշակույթի ոլորտի մի շարք պատասխանատուների մասնակցությամբ հարցը քննարկվել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունում։ Մշակույթի նախարարը խնդրի համակողմանի ուսումնասիրության վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարական և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմել է փորձագիտական եզրակացություն՝ «AMAP»-ի կողմից 2008-2009 թթ. հուշարձանների տարածքում տեղադրված վահանակների վերաբերյալ։ Դրանցից 172-ի ուսումնասիրության արդյունքում մատնանշվել են առկա անճշտությունները, որից հետո 33 վահանակ ապամոնտաժվել և հանվել է: Մասնավորապես` «Քաղաքատեղի Դվին», «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Հաղպատ վանական համալիր, Նորավանքի կիրճ, Սելիմի քարավանատուն, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Թանահատի վանք վանական համալիր, Սմբատաբերդի ամրոց հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակները։ Որոշ վահանակներ կրում են ֆիզիկական մաշվածության հետքեր և ժամանակի ընթացքում ենթակա են վերականգնման: Վահանակների տեքստերը ուղարկվել են գիտական ուսումնասիրության՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, որն էլ ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել տեքստերի լրամշակված տարբերակը (կատարող՝ աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյան): «AMAP»-ը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում փորձագիտություն անցած տեքստերը սահմանված կարգով կտեղադրվեն:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply