Ստորագրվել է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում համագործակցության մասին հուշագիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 3, 2012 8:42

2009 թ. Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակ¬ում մեկնարկել է «Արևելյան գործ¬ըն¬կերության» ծրագիրը, որի գործնական կիրառումը սկսվել է 2011 թ. և շարունակվելու է մինչև 2013 թ.: Հայաստանը ակտիվորեն ներգրավված է նաև ԵՄ դրա¬մաշնորհային ծրա¬գրերում: 2007-11 թթ. ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրների համար հաս¬տատված 17 դրամաշնորհային ծրագրերից 8-ը իրականացվել է Հայաստանի մասնակցությամբ: Վերջերս Թբիլիսիում կայացել է Արևելյան գործընկերության երկրների տարա-ծաշրջանային 1-ին հանդիպումը, որտեղ ևս քննարկվել են ԵՄ դրամաշնորհային ծրագրերին վերոնշյալ երկրների հասարակական կազմակերպությունների նեգրավվածության խնդիրներն ու հնարավորությունները, ներկայացվել՝ արդեն իսկ առաջադրված և հավանության արժանացած համատեղ դրամաշնորհային նախագծեր:
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը ստորագրել են Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում համագործակցության մասին հուշագիր: Ըստ նշված փաստաթղթի, կողմերը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում (Խերսոն, Նիկոլաև, Օդեսա, Ղրիմ) իրականացնելու են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով համատեղ ծրագիր:
Ծրագիրը նպատակ ունի խրախուսել և տարածել ավանդական մշակութային ժառանգության՝ մասնավորապես թանգարանային ոլորտում լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական նախագծերը, զարգացնել մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցությունը, ընդլայնել Արևելյան գործընկերության շրջանակում միջմշակութային երկխոսությունը:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանը, Ուկրաինայի հարավային շրջանները, Վրաստանը ներկայացնող թանգարանները, ինչպես նաև մշակութային հաստատությունները, որոնք գործում են ավանդական պատմամշակութային ժառանգության հիման վրա և բաց են նոր գաղափարների համար: Ծրագրին իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաև ոլորտի հասարակական կազմակերպությունները, ավանդական մշակութային ժառանգությամբ հետաքրքրված արվեստագետներ և շահագրգիռ անհատներ:
Ծրագիրն իրականացնում են «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԿԱ/AYWA), «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների խերսոնյան կենտրոնը (Ուկրաինա), «CCC Ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամը (Ուկրաինա), «DRONI» ասոցիացիան (Վրաստան)։

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply