“Հարցրե’ք վիրահատողին”. Հովիկ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 16:53

Թե որ ոլորտը առաջինը կենթարկվի վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկած վիրահատուիթյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է հարցնել “վիրահատողին”:
“Դե հիմա, վիրահատողին պիտի հարցնեք: Իմ կարծիքով, մենք նույնպես պետք է մեր մասնակցությունն ունենանք այդ գործընթացներում, իրոք, Ազգային ժողովում, նաև տեսական առումով, որևէ կոռուպցիա չի կարող լինել, կոռուպցիան լինում է գործադիր իշխանություններում, տեղական իշխանություններում, և որևէ մի օրենսդիր այդտեղ գործ չի կարող ունենալ: Քանի որ օպոզիցիոն ուժերը ներկայացված են նաև պառլամենոտւմ, ակնհայտ է, որ այդ գործընթացներում նաև օպոզիցիոն ուժերին են հրավիրում իրենց մասնակցությունն ունենալ, որը ես նորմալ եմ համարում և արդարացված”,-ասաց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նաև նախագահական ընտրություններին և այս ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի փոփոխությանը, նշեց. “Մենք մեր ուժերն ու մրցապայքարի մեջ մտնելը չենք թերագնահատում, բայց մեր ակնհայտ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, և մենք չենք էլ սպասելու, թե ով կառաջադրվի, մենք ակնհայտ գնալու ենք այդ գործընթացներին, որ կարծես թե, սկսվել է, և դեկտեմբերի 19-ին մեր համագումարը կառաջադրի մեր թեկնածուին, և մենք նախապատրաստվում ենք արդեն նախագահական ընտրություններին, և չենք թերագնահատում նաև որևէ մեկի մասնակցությունը, մենք ուղղակի մեր գործն ենք կատարելու, որպեսզի մեր թեկնածուն հաղթի նախագահական ընտրություններում”:
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ այդ ընտրությունները լինեն բացառիկ թափանցիկ և ժողովրդավարական:
Իսկ այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել ՀՀԿ-ն ԲՀԿ-ին հանուն համերաշխության, հատկապես այն դեպքում, երբ վերջին ամիսներին ԲՀԿ-ն ավելի համերաշխ է հենց ՀԱԿ-ի հետ, Հովիկ Աբրահամյանն ասաց. “Մեզ չի վախեցնում այդ համերաշխությունը, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրություններում, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն, բայց դա չի կարող լինել մեր արժանապատվության հաշվին”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply