Դավութողլուի դուբլինյան այցը և հայկական գործոնը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Վահան Դիլանյան | March 9, 2010 11:19
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն այսօր եռօրյա այցով մեկնում է Իռլանդիա. այս մասին հաղորդեց Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը:
Թուրքիայի ԱԳՆ-ի այցը Իռլանդիա կարևոր է այն հանգամանքով, որ անցած19 տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով առաջին պաշտոնական այցն է Իռլանդիա: Բացի դրանից, այն հետաքրքիր է Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին իռլանդացի պատգամավորների աջակցության, Իռլանդիայի` Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատելու և այդպիսով Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանելու, ինչպես նաև Թուրքիայի` ԵՄ անդակացության աջակացության հանգամանքներով:
Դավութողլուն հանդիպելու է Իռլանդիայի նախագահ Մարի Մակալիզի և արտգործնախարար Միշել Մարթինի հետ:
Իռլանդացի պաշտոնյաների հետ Դավութողլուն քննարկելու է տարածաշրջանային, միջազգային խնդիրներ, Թուրքիայի` ԵՄ անդամակցությանն ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Թուրքիայի արտգործնախարարը ելույթ է ունենալու Իռլանդիայի խորհրդարանի ԵՄ հարաբերությունների միացյալ հանձնաժողովի առջև:
Ի լրումն քաղաքական հանդիպումների` Դավութողլուն նաև Դուբլինի համալսարան-քոլեջում մասնակցելու է գիտական քննարկմանը. Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին ելույթ է ունենալու Միջազգային հարաբերությունների և Եվրոպայի ինստիտուտում (Իռլանդիայի առաջատար թինկ-թանկն է):
Թուրք-իռլանդական հարաբերությունները գրեթե 2 դարի պատմություն ունեն` սկսած Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից: Դուբլինում Թուրքիայի դեսպանատունը բացվել է 1973 թվականին, Իռլանդիայի դեսպանատունը Անկարայում` 1998 թվականին:
Երկու երկրներն էլ Եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների են անդամակցում: Իռլանդիայում գործում է «Թուրք-իռլանդական կրթական ու մշակութային հասարակություն» (TIECS) կազմակերպությունը, որի նպատակն է զարգացնել թուրք և իռլանդական հասարակությունների կապերը:
Իռլանդիայի ներկա կառավարությունն աջակցում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Պաշտոնական Դուբլինը նաև Թուրքիայի հետ ընդհանուր դիրքորոշում է որդեգրել Գազայի հարցում:
«Ներկա պայմանները Գազայում անմարդկային են սովորական բնակչության համար, դա միանգամայն անընդունելի է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների համատեքստում,-գրում է Իռլանդիայի արտգործնախարար Միշել Մարթինը հայտնի «International Herald Tribune» պարբերարականում (մարտի 5-ի համարում):- Սա է լինելու իմ ուղերձը, որ կբերեմ հաջորդ շաբաթ (մարտի 13-14-ը) ԵՄ գլխավոր ներկայացուցիչ Քաթրին Աշթոնի և ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ… Եվրոպական միությունը և միջազգային հանրությունը անպայման պետք է ավելին անեն` մեծացնելու ճնշումը Գազայի շրջափակմանը վերջ դնելու և սահմանները բացելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք տնտեսական ու մարդասիրական օգնություն ուղարկել»,-ասել է Մարթինը:
Նշենք, որ 2009 թվականի հունվարից սկսած` Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածություն սկսվեց, երբ Թուրքիան խստորեն դատապարտեց Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում. այս հարցում Իռլանդիայի` անգլո-ամերիկյան դիրքորոշումից տարբերվող մոտեցումը նրա հետ համագործակցության ուշագրավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար:
Հետաքրքիր է նաև Իռլանդիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Փետրվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Համայնքների պալատի 646 պատգամավորներից ընտրվելու իրավունք ունեն 495-ը, որոնցից 254-ը ստորագրեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը:
Թեև Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, Դուբլինում դեսպանատուն չունի, և հայ համայնքն այնտեղ սակավաթիվ է` համեմատած թուրքական հոծ համայնքի հետ, այնուամենայնիվ, հայկական համայնքի ջանքերի շնորհիվ է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում Իռլանդիայի 18 պատգամավորներից 11-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Բայց ուշագրավ է, որ մարտի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մասին Իռլանդիայի ազգային հեռուստաընկերությունն ու ռադիոն նույն օրը հաղորդեցին, թե «Թուրքիան ավելի լավ հարաբերությունների է ձգտում Հայաստանի հետ»: Այդպիսով շեշտը դրեցին Թուրքիայի «բարի» կամքի վրա, թե նա ուզում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
Այնինչ, միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցներն այդ օրը խոսում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի կողմից այն չընդունելու և Անկարայի` հայ-թուրքական գործընթացը կասեցնելու տրամադրությունների մասին:
Թեև Իռլանդիան Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի, այնուամենայնիվ, Իռլանդիայում հարգանքով են վերաբերվում հայկական արժեքներին: Ուշագրավ են Դուբլինի Չեստեր Բեթի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը: Բացի այդ, Իռլանդիան ու Հայաստանը ընդհանուր գծեր ունեն, հատկապես` Սփյուռք ունենալու փաստով (Իռլանդական 80 միլիոնանոց սփյուռքը, ինչպես Հայաստանի դեպքում, շուրջ 13 անգամ գերակաշռում է Իռլանդիայում ապրող բնակչությանը):
Բացի այդ, վերջերս Հայոց ցեղասպանությունը դատապարտելուն միտված վերաբերմունքն Իռլանդիայում էլ ավելի է մեծացել. Հայաստանի նախագահի լոնդոնյան այցն իր հերթին խթանեց այդ դիրքորոշումը, նախագահը նշեց Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավորության մասին` հիշատակելով այնտեղ բավական հարուստ արխիվների առկայության փաստը:
Ավելի վաղ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնն էր կոչ արել դատապարտել Ցեղասպանությունը, որի մասին հեղինակավոր պարբերական «Guardian»-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիան մեղադրվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցանկության մեջ, երբ բացահայտվել են երկրի արտգործնախարարության 15 տարվա վաղեմության արխիվային փաստաթղթեր:
Փաստորեն, Դավութողլուի համար Մեծ Բրիտանիայում և մասնավորես Իռլանդիայում անհանգստացնող երևույթներ կան: Ուստի նրա դուբլինյան այցի նպատակներից է լինելու նաև Իռլանդիայում հայկական գործոնի հարաճուն ազդեցության հավասարակշռումը և Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման գործընթացի կանխումը գոնե իռլանդացի պատգամավորների մասով:






Facebook
Tweet This
Email This Post
