«Լուսակերտի» վարժահրապարակը հիմնանորոգվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2012 14:00

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ։ Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարկի կառուցապատման և վերանորոգման աշխատանքներին։

ԱԻ նախարարի հրամանով «Լուսակերտ» վարժահրապարակը դրվել է ակադեմիայի տրամադրության տակ։ Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազա` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային մակարդակի ուսումնավարժություններ անցկացնելու համար։

Կարճ ժամանակահատվածում հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները և լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։

Ինչպես նշեց ՃԿՊԱ ռեկտոր, գնդապետ Համլետ Մաթևոսյանը` վարժահրապարակի զարգացման ծրագրով նախատեսվում է շինություններից մեկում ստեղծել նաև շարժական պատերով լաբիրինթոս` ծխապատ գոտում որոնողական աշխատանքների համար, տեխնիկական լաբորատորիա, տարաբնույթ հրդեհների նմանակման սենյակներ, տարբեր ճանապարհատրանսպորտային և երկաթուղային պատահարների տեղամասեր, աշտարակների համալիր։ Վարժահրապարակը կունենա նաև փակ մարզադահլիճ` ֆիզիկական պատրաստության համար, մարզադաշտ` վազքուղով, լողավազան` ջրափրկարարների և ջրասուզակների համար, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, հյուրանոց` ուսանողների, մարզերից ժամանած հրշեջ-փրկարարների և արտերկրի հյուրերի համար, ինչպես նաև ուղղաթիռի և շարահրապարակ։

Չնայած վարժահրապարակը գործող է և այնտեղ պարբերաբար պարապմունքներ ու վարժանքներ են անցկացնում թե ակադեմիայի ուսանողները, թե փորձառու փրկարարները` կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո այն ավելի լայն հնարավորություններ կունենա։

Նախարար Ա. Երիցյանը, ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջելով վարժահրապարակում, բարձր գնահատական տվեց արված աշխատանքին` նշելով, որ կարվի ամեն հնարավորը վարժահրապարակի զարգացման ծրագիրը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու և այն տարածաշրջանային նշանակության ուսումնական կենտրոն դարձնելու համար։

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply