ՏՄՊՊՀ-ը ամփոփեց մարզային ստուգայցերի արդյունքները. 8 տնտեսվարող ենթարկվեց պատասխանատվության

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 13:55

Նոյեմբերի 2-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին մարզերում իրականացված ստուգումների արդյունքները:
Տեղեկացնենք, որ վարույթները հարուցվել են Հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Դիտանցումների ընթացքում հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն: Տնտեսվարողների նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Իրավախախտ ընկերություններն են «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:

Վարույթում գտնվող ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, գործում են արտադրական փոքր ծավալներով և որպես իրավախախտ ընկերություն Հանձնաժողովի տեսադաշտում են առաջին անգամ: Նկատի ունենալով այս հանգամանքերը և նաև այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա որոշվեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զգուշացրեց, որ նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ը մեծ ռեսուրսներ է տրամադրել մարզերում առկա խնդիրների լուծման համար: Մարզային այցեր են կատարվել Լոռի, Արարատ, Կոտայք և Արմավիր, որտեղ հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության տասնյակ դեպքեր: Այցելությունները և դիտանցումները լինելու են շարունակական և ընդգրկելու են հանրապետության մյուս մարզերը ևս:

Համաձայն Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, տնտեսվարողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը սպառողի մոտ կարող է հանգեցնել թյուր տպավորության:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը հայտնաբերված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը կփոխանցի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply