Ավտոպատահարից տուժած 15 զինծառայողները տեղափոխվել են Երեւանի կենտրոնական հոսպիտալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 13:20
Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին պատահարից տուժած 15 զինծառայողները տեղափոխվել են ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղ նրանք տեղափոխվել էին վթարից հետո, բոլոր զինծառայողների վիճակը բժիշկները գնահատում են բավարար եւ նրանց առողջությանը սպառնացող որեւէ վտանգ չկա: Տեղափոխված զինծառայողների թվում ծանր հիվանդներ չկան:
Նոյեմբերի 1-ին` ժամը 21.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով մահացել են բեռնատարի վարորդը և երեք զինծառայողներ, իսկ 15-ը` վիրավորվել: Համաձայն բժիշկների տրամադրած տեղեկատվության` տուժածներից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 11-ինը՝ միջին ծանրության:
ՊՆ քննչկան ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մեքենայի վարելու կամ շահագործելու կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ):






Facebook
Tweet This
Email This Post
