Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 2, 2012 12:49
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան: «Անկախի» ընթերցողների անունից շնորհավորում ենք նրան` ծննդյան օրվա առիթով, մաղթում առողջություն և նոր հաղթանակներ անձնական կյանքում:
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան և խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նրա համար: Սեպտեմբերի 20-ին Հովսեփյանը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Նա 20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: Այս մասին հիշեցնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի «Արարատում»: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, ովքեր ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ: Դրանցից մեկն էլՀՄԸՄ-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992 թ. մրցաշրջանը` 20-ամյա Սարգիսը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն (միավորների հավասարության պատճառով ՀՄԸՄ”-ն այդ կոչումը կիսեց «Շիրակի» հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995 թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում: Լինելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998 թ. տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի: Հավանաբար, նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Զենիթի» մարզիչներն առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության կենտրոն:
«Զենիթի» կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտ-պետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. “Самый лучшый из армян- это Саркис Овсепян“ վանկարկումը գրեթե բոլոր խաղերի ժամանակ լսելի էր «Պետրովսկի» մարզադաշտում:
Հեռանալով «Զենիթից»՝ Հովսեփյանը տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ «Փյունիկ»: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներին ամեն տարի թվում էր, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն նա կարողանում էր արժանի խաղով ապացուցել, որ անփոխարինելի է հայկական ֆուտբոլում: Հիանալի անցկացնելով 2008 թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
2009 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2:1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ կտա «Մեծ ֆուտբոլին», վերջինս Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին: 2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ: Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված ենք՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը:
Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականում Սարգիսն անցկացրել է 131 խաղ:






Facebook
Tweet This
Email This Post
