Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2012 11:45

Հալեպի հայկական թաղամասերում առավոտյան ժամերից հրթիռների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դեռեւս տեղեկություններ չկան պատճառած վնասների մասին: Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցու շրջանում հայ է զոհվել: Դիպուկահարի փամփուշտից խոցվել է Ջորջ Կաբանջյանը:

Ռեյիսյանի տեղեկացմամբ` Դամասկոսից Հալեպ վերադառնալու ճանապարհին Հալեպի մուտքի մոտ զինյալները երկու մարդ են առեւանգել: Պարզվել է, որ նրանցից մեկը հայ է: Առեւանգվածների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:

Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ Բեյրութից Հալեպ վերադարձող ավտոբուսի առեւանգված ուղեւորներին, ապա Ռեյսիյանը նշեց, որ նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Զինյալները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել են Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում: Նրանք իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայազգիներ են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ:  Արդեն հայտնի է մի քանի առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:

Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply