Նախագահը շնորհավորել է կանանց տոնը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 8, 2010 12:16

կակաչներՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ:

Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: Պատմության ամենածանր պահերին անգամ կանայք յուրօրինակ ապավեն են դարձել, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին: Այսօր դժվար է գտնել որևէ բնագավառ, որտեղ չզգացվի կանանց նրբաճաշակ և քնքուշ ներկայությունը, նրանց գործունեության աներկբա հետքը:

Հայաստանի կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շարունակում են անվիճելի նպաստ բերել մեր արժեքները, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումներն ամրապնդելու և զավակներին փոխանցելու գործին:

Սիրելի´ կանայք, կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Թո՛ղ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը»:

Դիտվել է 1910 անգամ:
Print Friendly

Leave a Reply