Մինսկի խմբի համանախագահները կփորձեն վերականգնել սաֆարովյան դեպքերից հետո կորսված վստահությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2012 9:53

Փարիզում հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերին կայցելեն տարածաշրջան: Ոճրագործ Սաֆարովի արտահանձնումից և ներում շնորհելուց հետո, սա նրանց առաջին այցն է:

«Արմենպրես»-ը փորձեց քաղաքագետներից պարզել համանախագահների այցից սպասելիքները: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ համանախագահները գալու են ադրբեջանա-հունգարական գործարքի հետևանքները հարթելու համար: «Նրանք կցանկանան որքան հնարավոր է շուտ բանակցությունները վերադարձնել այն վիճակին, որը եղել է մինչև սաֆարովյան իրադարձությունները: Բնական կլինի, որ մենք գլխապատառ չվերադառնանք այնտեղ, այլ փորձենք ինչ-որ հարցադրումներ անել, որոնք պետք է բանակցությունները շրջեն մեր օգտին»,- ընդգծեց Մանասյանը: Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացի հետագա զարգացման համար պետք է մեջտեղ բերել ղարաբաղյան կողմի փաստարկների կարևորությունը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով՝ այցի նպատակը կայանում է նրանում, որ միջնորդները ներկայացնեն այն զարգացման փուլը, որի մեջ գտնվում է բանակցային գործընթացը: Անդրադառնալով «սաֆարովյան» իրադարձություններից հետո բանակցային գործընթացում առկա շեշտադրումների հնարավոր փոփոխություններին՝ քաղաքագետը նշեց, որ այդ գործը ևս մեկ անգամ ապացուցել է Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելու անհնարինությունը: «Երկիր, որը որպես պետական քաղաքականություն է ամրագրում ատելությունը ուրիշների նկատմամբ, որը հերոսացնում է էթնիկ գործոնով պայմանավորված սպանություն կատարողին, չի կարող դիտարկվել մի վայր, որտեղ արցախահայությունը կարող է գտնել համատեղ ապրելու ինչ-որ հնարավորություն»,-ընդգծեց Մարգարովը:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանի կարծիքով` համանախագահների այցն առաջնահերթ կերպով կողմերի միջև վստահությունը վերականգնելու նպատակ ունի: «Համանախագահների այցը փորձ է թուլացնելու լարվածությունը, հասկանալու, թե ինչ ձևով կարել է ընթանալ առաջ»,- ընդգծեց քաղաքագետը:

Փարիզում Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Որպես աշխատանքային առաջարկ` նրանք ներկայացրին իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply