Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 1, 2012 18:41

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձևավորված ավանդույթների վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:

Դեսպան Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու և իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ և հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջև կապերի առավել ամրապնդման: Դեսպանը նշել է, որ 2011թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան, վերահաստատեց Հայաստանի և Հունաստանի միջև առկա ջերմ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու՝ կողմերի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Հունաստանի դեսպանին՝ իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply