Հայաստանն առաջ է անցել 18 կետով. Մեր երկիրը բարելավում է իր դիրքերը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 2, 2012 16:12

Ամեն տարի համաշխարհային նշանավոր կազմակերպությունները  հետազոտություն են անցկացնում` պարզելու աշխարհի տարբեր պետությունների վարկանիշը: Այդ հետազոտությունը հնարավորություն է  տալիս բացահայտելու, թե պետությունները որ ոլորտներում են առաջնային դիրքերում, ինչպես են հաղթահարում իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու բարեփոխումների ճանապարհը և ինչպիսի խնդիրներ ու թերություններ ունեն:

Արդեն հրապարակվել է Համաշխարհային բանկի  գործարարության վերաբերյալ ամենամյա զեկույցը` «Doing Business 2013»-ը, ըստ որի` այս տարի Հայաստանն էապես բարելավել է իր դիրքերը` լավագույն ցուցանիշներ ապահովելով մի քանի ոլորտներում: Իսկ վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջ է անցել 18 կետով՝ նախորդ տարվա 50-րդ տեղից հասնելով 32-րդ տեղը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով՝ այս առաջընթացը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության և այլ բնագավառներում արձանագրված բարեփոխումներով: Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է ներդրողների պաշտպանության ցուցանիշով` առաջ գնալով 73 կետով և զբաղեցնելով 25-րդ տեղը: Հարկերի հավաքման ցուցանիշը բարելավվել է 44 կետով, շինարարության թույլտվությանը՝ 3 կետով,  և Էլեկտրականության հասանելիությանը՝ 42 կետով: Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է անցել 15 կետով, Ուզբեկստանը` 14, Ռուսաստանը` 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը և Մոլդովան՝ 3-ական կետերով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է մեկ կետով, Իրանի Իսլամական Հանրապետությունը` նույնպես, իսկ Թուրքիան նահանջել է 10 կետով:

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Վրաստանից հետո, որը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 67-րդ տեղում է, Թուրքիան` 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանին հետևում են Ղազախստանը, Բելառուսը, Ղըրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Գործարար միջավայրի բարելավման առումով  արդյունքներն ակնառու են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում, որտեղ զարգացման աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 25 տոկոս: Եթե նախորդ տարի այս ոլորտում գործող կազմակերպությունների թիվը  281 էր, ապա այս տարի  հասել 350-ի: Ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ արդեն տեղական և արտասահմանյան  կազմակերպությունները հավասարվել են:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ներկայացնելով  ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները,  ասաց, որ եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ  60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ, մեծանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ըստ Բ. Ենգիբարյանի` ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հավասարակշռությունը վկայում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:

Զարգացումներ կան նաև աշխատուժի շուկայում: Եթե նախորդ տարի ՏՏ ոլորտի մասնագետների թիվը  6780 էր, ապա այս տարի այդ թիվը հասել է 7800-ի` ապահովելով 15 տոկոսի աճ: Աշխատուժը տեղական և արտասահմանյան ընկերություններում  բաշխված է  հավասարաչափ, ինչը Բ.Ենգիբարյանի դիտարկմամբ, դրական քայլ է:

Անդրադառնալով ՏՏ ոլորտում մեր երկրի մրցակցային առավելություններին` հիմնադրամի տնօրենը նախ մատնանշեց մարդկային պաշարների գործոնը` հավաստելով, որ Հայաստանում աշխատուժը բարձր է վարձատրվում: Շատ բարձր է  գնահատվում նաև պետության մասնակցությունը այս բոլոր գործընթացներում, ինչը ևս, ըստ նրա, համեմատական առավելությունն է:

Առաջընթաց է սկսվել նաև մարզերում: Գյումրիում իրականացվում է Տեխնոպարկի ծրագիրը, Վանաձորը ևս այս առումով զարգացման լուրջ ներուժ ունի: Հայաստանում հետազոտական ինստիտուտներ են հիմնադրում այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Դե Լինքեն», «Նեյշնլ ինսթրումենթսը» և այլք: Վերջինիս, ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ Ճարտարագիտական համալսարանում մեկնարկում է «Ազգային ինժեներական լաբորատորիա» ծրագիրը: Մեծ է նաև սփյուռքի դերը: Ըստ կատարված հետազոտությունների` ՏՏ ոլորտում կազմակերպությունների 93 տոկոսը սփյուռքահայ ներդրողներն ու պատվիրատուներն են:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, տեխնոպարկի ձևավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո»  կենտրոնները կգործեն նաև Արցախում:

ՏՏ ոլորտում վերջին ձեռքբերումներից  է նաև «ԱրմԹեք-2012» կոնգրեսի կազմակերպումը ԱՄՆ Սիլիկոնային հովտում, որն այնտեղ անցկացվում է արդեն մի քանի տարի: Ներկայացնելով որոշ մանրամասներ` Ենգիբարյանը հայտնեց, որ այն այս տարի տեղի կունենա 2012 թ. դեկտեմբերի 10-11-ը՝: Եվ այս տարի շեշտադրվելու է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությունը և նոր գաղափարների մշակումը: Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնային հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչություն, և «Intel» ընկերության հետ Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր կստորագրվի:

Նշենք նաև, որ մինչև նոյեմբերի կեսերը էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ներդրումային, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր:

Լ.Ն

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply