Ովքե՞ր են համարվում գործազուրկ, և որքա՞ն է նրանց նպաստի չափը
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | November 8, 2012 7:06
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ oրենքի (ընդունվել է 2005 թ. հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2006 թ. հունվարի 1-ին) 7-րդ հոդվածի համաձայն` գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող և աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, որոնք աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո օրացուցային 7 օրվա ընթացքում:
Գործազուրկ անձանց երաշխավորվում է՝
1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչև 1992 թ. հունվարի 1-ն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը և գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) կրթաթոշակի վճարում՝ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում:
Զբաղվածության պետական ծառայությունը վերոհիշյալ անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից: Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:
Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:
Գործազուրկի կարգավիճակում լինելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:
Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:
Գործազրկության նպաստի չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 3-ի «Գործազրկության նպաստի չափը սահմանելու մասին» թիվ 196-Ն որոշման համաձայն: Այն կազմում է 18000 դրամ:
Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացների` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի՝ մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:
Զբաղվածության պետական ծառայության կողմից գործազրկության նպաստի վճարումը երկու ամիս ժամկետով կասեցվում է, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:
Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը երբ՝
1) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվում է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայանում աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.
3) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.
4) գործազուրկը հեռացվում է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով.
5) գործազուրկը հրաժարվում է զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.
6) օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճռով գործազուրկին ազատազրկելու մասին դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվում է հարկադիր բուժման.
7) գործազուրկը մահանում է:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
