«Կանանց թաղամասում» տղամարդ-կանայք տնտեսություն են վարում, երեխաներին պահում ու սպասում խոպանչի ամուսիններին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 7, 2012 7:00

Դավիթը ցույց է տալիս իր հավաքած կոշիկների կույտը, որը ձմռանը վառելու են

«Գիտեն թե Ռուսաստան ա, ամեն ինչ կա, բայց էդպես չի, էնտեղ էլ շատ դժվար է»,- ասում է Անժելան, որի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել: Կինն իր ընտանիքի ապագան ո՛չ Հայաստանում է տեսնում, ո՛չ Ռուսաստանում. երկու տեղում էլ ապրուստը դժվար է, հոգսը` շատ:

Տաքսիստը  փնթփնթալով կանգ է առնում ամայի դաշտի նմանվող մի տեղ ու ասում, որ վերադառնալիս հանկարծ իրեն չզանգեմ, էլ վանքի թաղ չի գա: Աչքերով փնտրում ու գտնում եմ  նշանակետը` առանց տանիքի միհարկանի փոքրիկ կառույց, անապակի պատուհաններով, մրոտած շրջանակներով:

Թաղամասն ընդհանրապես բնակավայրի նման չէ. ճանապարհները խորդուբորդ արահետներ են, օդում քամու հետ «պարում է» աղբը, թափառական շները դես ու դեն են անում, հատուկենտ տներն էլ փոքր են` մոլախոտերի մեջ թաքնված:

Բետոնե պատերով ու հողե հատակով տանն ինձ դիմավորում է 32-ամյա Անժելա Խաչատրյանը` տանտիրուհին: Նա այստեղ ապրում է 2 տղաների` 6-ամյա Սամվելի ու 9-ամյա Դավիթի հետ: Ամուսինն արդեն 5 տարի Ռուսաստան է մեկնում և  ժամանակավոր ընտանիք է վերադառնում միայն ձմռան ամիսներին:

«Սկզբում ամուսինս Մոսկվա գնաց, բայց էնտեղ խաբեցին, գործ չտվեցին: Հիմա Սամարայում է»,- ասում է Անժելան:

Արևից թխացած մաշկով, նիհար, բայց արտահայտիչ կապույտ աչքերով Անժելան մասնագիտությամբ  մանկավարժ է, բայց գործազուրկ: Աշխատանքից կոշտացած ձեռքերով մազերն է հարդարում ու պատմում, թե առանց ամուսնու ինչ դժվարությամբ է երեխաներին պահում. «Շատ դժվար է: Հազիվ ծերը ծերին ենք հասցնում: Ժամը 5-ից վեր եմ կենում, որ գոնե մինչև ժամը 10-11-ը հասցնեմ: Հող եմ մշակում, երեխաների հետ, տուն,  պահածո, փայտ եմ բերում սարերի անտառից: Անտառապահները կտրել են, մենք էլ գնում ճյուղ-մուղ ենք հավաքում: Գազ ենք ուզում քաշել, էնպես թվեր են կրակում, որ չես էլ կարողանում: Պահածոն լրիվ փայտի վրա եմ արել: «Փարոս» են տալիս, չգիտես` դրանով լույսի վարձը մուծե՞ս, ալյո՞ւր առնես, թե՞ ինչ անես: Սա ապրելու տեղ չէ»:

Ծագումով ագարակցի կինն ասում է, որ մարտունեցի կանայք տարին բոլոր աշխատում են թե՛ կնոջ, թե՛ տղամարդու փոխարեն, մինչդեռ իր ծննդավայրում ինքը նման բան չի տեսել:

Մինչև Մարտունի տեղափոխվելն ամուսիններով Ագարակ քաղաքում են ապրել ու դժվարություններ չեն ունեցել. «Էնտեղ վարձով էինք ապրում, բայց ավելի լավ վիճակում էինք, քան հիմա: էստեղ մենք պարտքով ենք ապրում»: Ասում է, որ բնակարանի վարձավճարի թանկանալուց հետո ստիպված Մարտունի են տեղափոխվել. Անժելայի ամուսինը ծնունդով այդտեղից է:

Մարտունիում աշխատանք չգտնելով`  ամուսինն ամեն տարի խոպան` արտագնա աշխատանքի է գնում, աշնանն էլ վաստակած գումարը բերում է, որ տունը կառուցեն: Կիսակառույց տան վրա ժամանակին Անժելան որպես բանվոր է աշխատել. քար է ապահովել պատշարին: Այս տարի էլ ամուսիններով հույս ունեն միասին տանիք կառուցել, որ տունն անձրևաջրերից պաշտպանեն:

9-ամյա տղան խաղալ սիրում է, բայց նախընտրում է մայրիկին օգնել

Տնտեսությունում Անժելայի օգնականը ավագ որդին է: Մորն օգնում է  մշակել տնամերձ 800 մետր հողը, փայտ բերել սարերից, աղբանոցից հավաքած կոշիկների պաշար անել` վառելու համար, ջուր բերել (թաղամասում ջրագիծ չկա):

Դավիթը ցույց է տալիս նկուղը, որտեղ ժամանակին ապրել են ու որտեղ էլ եղբայրը թոքաբորբով է հիվանդացել

Կարճահասակ ու նիհար Դավիթը, որ  արևից թխացած մաշկ ունի, «Անկախի» թղթակցին ոչ թե իր խաղալիքներն է ցույց տալիս, ինչպես իր տարիքի երեխան պիտի վարվեր, այլ տնտեսությանն է ծանոթացնում: Հպարտությամբ ցույց է տալիս դեսից-դենից հավաքած կոշիկների կույտը ` բացատրելով, որ դա վառելու համար է: Ցույց է տալիս նաև խոնավությամբ բուրող նկուղը և հավելում, որ ժամանակին իրենք այդտեղ են ապրել, մինչև փոքր եղբայրը թոքաբորբով է հիվանդացել: Դրանից հետո կիսակառույց տան սենյակներից մեկում են հաստատվել. ճիշտ է, անձրևների ժամանակ առաստաղից ջուր է իջնում, բայց պայմանները նկուղից բարվոք են:  Կիսակառույց տան սենյակներից մեկն էլ ժամանակին հավանոց է եղել, բայց այժմ դատարկ է: Աղվեսն ինչ-որ կերպ գիշերը ներս է մտել ու տարել բոլոր հավերին: Դավիթը հուզված բացատրում է, թե ինչպես է աղվեսը անցք բացել ու ներս մտել:

Տղան պատմում է, որ խաղալ սիրում է, մեկ-մեկ էլ խաղում է, բայց ավելի շատ մայրիկին է օգնում. հո մենակ չի թողնի:

Դավթի կրտսեր եղբայրը` Սամվելը, որ այս տարի պետք է դպրոց գնար, տանն է: Ֆինանսական խնդիրների պատճառով երեխան ո՛չ դպրոց է գնում, ո՛չ մանկապարտեզ: Մայրն ասում է, որ երեխային դպրոց չի ուղարկել նաև ձմռան հեռանկարն աչքի առջև ունենալով. ձմռանն  այստեղ ճանապարհները չեն մաքրվում, քամին էլ ձյունը կուտակում է, շները ոհմակներով ազատ դես ու դեն են անում: Նման պայմաններում երեխան ինքնուրույն դպրոց գնալ չի կարող, մայրն էլ «ո՛չ ժամանակ, ո՛չ առողջություն ունի»:

Մոր պատմելով` Դավիթն էլ ստիպելով է դպրոց գնում. «Մեկի երեխան ճոխ է հագնում, մյուսն էլ երեխա է, դեմ է ընկնում: Դե արի բացատրի, որ էդ հնարավորությունը չունես: Մանկավարժներն էլ ջոկողություն են դնում: Երեխաս լրիվ հիասթափվել է»:

Անժելան ասում է, որ երեխաների հետ միշտ խիստ է, առանց ավելորդ քնքշանքի, որ հանկարծ հոր բացակայությամբ վատ ուղի չբռնեն, սխալ քայլեր չանեն: Պատմում է, որ երեխաներն էլ դժվարությամբ են համակերպվել հոր բացակայությանը. «Էն փոքրը հեռախոսով հետը ընդհանրապես չի խոսում, խաբելով, համոզելով երկու բերան խոսում ա ու սկսում լացել: Դե, մեծն էլ արդեն հասկացել է»:

Երբ հարևանների մասին եմ հարցնում, ասում է, որ «թաղում կնանիքով են ապրում», բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի են: Անժելայի խոսքով` կանանցով միմյանց օգնում են, ամառային գիշերները միասին ջրի հերթ են կանգնում, միասին հող ջրում ու այդպես շարունակ:

Մի տնից չեն, բայց մի հալի են

Դավիթն ու Սամվելը խաղում են պապիկի տանը

Պարզվում է, որ լավ վիճակում չեն և Անժելայի ամուսնու հարազատները: Ռոմանի երկու եղբայրները ևս Ռուսատանում արտագնա աշխատանքի են, իսկ կանայք և երեխաները` Մարտունիում:  Երեք եղբայրներն էլ տարբեր գործատուների մոտ ու տարբեր քաղաքներում են, որ եթե հանկարծ մեկին խաբեն, մյուսներն իրենց վաստակով կարողանան ապահովել ընտանիքի գոյությունը: Երկու տարի առաջ եղբայրներից մեկին ողջ տարին «գերու» կարգավիճակում են պահել, աշխատացրել ու վերջում էլ չեն վարձատրել: Անգամ շորեր Հայաստանից են ուղարկել, որ կարողանա տուն հասնել: Այդ դեպքից հետո միշտ զգույշ են:

Ընտանիքի մայրը և Անժելայի սկեսուրը` 55-ամյա Անահիտ Խլոյանը, ափսոսանքով նշում է, որ ինքն ու ամուսինն էլ դեռ  կենսաթոշակի տարիքի չեն հասել, որ դրանով գոնե 13 շնչանոց ընտանիքը «յոլա գնար», հիմա անապահովության նպաստի հույսին են:  «Հարսներիցս երկուսը մանկավարժ են մասնագիտությամբ, մեկը` հաշվապահ, բայց աշխատանք չկա: Պարտքով ենք ապրում, բուժվում: Պարտքն էլ չլինի, չենք կարողանա ապրել: Ամուսինս տեսողության խնդիր ունի, ոտքերի թրոմբ ունի, երկուսի համար էլ վիրահատություն է հարկավոր, բայց միջոցներ չունենք ,- պատմում է Անահիտը:- Տղաներս էլ, ինչ գնացել են, դեռ մեկ անգամ են փող  ուղարկել, որ տոկոս փակենք»:

Անահիտն ասում է` դեմ չէ անգամ, որ տղաներն ընտանիքով Ռուսաստան տեղափոխվեն. կարևոր չէ, թե որտեղ կապրեն, կարևորը, որ կարողանան ընտանիք պահել:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply