«Ախրաննիկը» թիկնապահ չէ, թիկնապահն էլ պահնորդ չէ

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 5, 2012 7:00

Այս տարի փետրվարի 9-ին ընդունվեց մի օրենք, որով պետք է կանոնակարգվի Հայաստանում մասնավոր պահնորդական և թիկնապահական գործունեության ոլորտը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2013 թ. հունվարի 1-ից, բայց արդեն բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել այն կազմակերպությունների և իրավաբանական անձանց շրջանում, որոնք զբաղվում են հատկապես մասնավոր պահնորդական գործունեությամբ: Չնայած ոլորտում արդեն տասից ավելի տարիներ գործունեություն ծավալող ընկերությունները ոչ միայն դեմ չեն, այլև կողմ են, որ այս դաշտը ևս կանոնակարգվի օրենքով:

Թիկնապահի և պահնորդի միջև հավասարության նշան դնելը ճիշտ չէ

Օրենքում հավասարության նշան է դրված պահնորդների և թիկնապահների միջև, ինչը, ըստ ոլորտի մասնագետների, ճիշտ չէ: Որովհետև թիկնապահի գործունեությունը մասնագիտություն է, իսկ պահնորդինը` ոչ:

«Եվրոպայում և ԱՄՆ-ում պահնորդը մասնագիտություն չէ: Այսօր մեր հասարակությունը տեսնում է թիկնապահ ու պահնորդ և նրանց հավասարեցնում է: Թիկնապահը մասնագիտություն է, և լուրջ մասնագիտություն է: Իսկ պահնորդներին  ինքներս ենք, մեր փորձից և ուսումնասիրություններից ելնելով, պատրաստում և աշխատանքի տեղավորում: Պահնորդը, կոպիտ ասած, ցիվիլ պահակի պարտականություններ է կատարում, և կուլտուրական ձևով նրան ներկայացնում ենք որպես պահնորդ»,- բացատրեց «Արմոբիլ» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը:

Այդ հավասարության նշանն արդեն բերում է որոշակի դժգոհություններ: Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնապահական և պահնորդական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձինք»: Իսկ ըստ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-4-րդ կետերի. «Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները: Իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում: Թիկնապահական և պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:  Թիկնապահական և պահնորդական  գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տալիս է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)»:

Պահնորդական գործունեություն իրականացնելու համար կազմակերպություններին լիցենզիա տրվում է,  եթե նրանք ունեն որակավորված և պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող աշխատակիցներ: Այդ աշխատակիցները պետք է ստանան համապատասխան ուսուցում, որը պետք է իրականացվի նույնպես լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունների կողմից` ըստ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Կառավարությունն էլ սահմանել է, որ և՛ թիկնապահների և՛ պահնորդների ուսուցման չափորոշիչները և ժամանակահատվածը նույնն են, ինչը կազմակերպություններին անտրամաբանական է թվում:

Հա՞վն է ձվից, թե՞ ձուն` հավից

Լիցենզավորվելու համար ընկերությունը պետք է լիցենզավորված աշխատակիցներ ունենա, իսկ այդ աշխատակիցները պետք է լիցենզավորվեն և ուսուցանվեն արդեն իսկ լիցենզավորված ուսումնական հաստատության կողմից, որը նույնպես դիտվում է որպես պահնորդական և թիկնապահական գործունեություն իրականացնող, և նրա  լիցենզավորումը նույնն է: Ստացվում է փակ շրջան, քանի որ Հայաստանում մինչ օրս թիկնապահներ և պահնորդներ պատրաստող ուսումնական հաստատություններից և ոչ մեկը լիցենզավորված չէ ճիշտ այնպես, ինչպես պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունները:

«Օրենքում գրված է, որ այն ուժի մեջ է մտնելու 2013 թ. հունվարի 1-ից: Իսկ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 30-ին որոշում է կայացրել, որ բոլոր կազմակերպությունները  պետք է լիցենզավորվեն բարդ ընթացակարգով: Բայց մենք արդեն ասել ենք, որ չունենք ուսուցանված պահնորդներ, որոնք պետք է ուսուցանվեն դեռ նոր լիցենզավորվող ուսումնական հաստատություններում, չկան նման լիցենզավորված ուսումնական հաստատություններ, և դրանց կարգն ու ձևն  էլ դեռ որոշված ու մշակված չեն: Ստացվում է, որ մենք չունենք որակավորում ստացած պահնորդներ, իսկ հունվարի 1-ին մնացել է երկու ամիս: Փաստորեն մենք չենք կարողանալու լիցենզավորվել»,- այս հարցի կապակցությամբ ասաց «Տրանսֆեր» ընկերության ղեկավար, Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը:

Օֆիս պաշտպանելն ավելի կարևոր է, քան երկրի սահմանները

Միայն այս հարցերը չեն, որ մտահոգում են մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Ըստ մեզ` պահնորդների  ուսուցման համար անհրաժեշտ ժամանակը պետք է լիներ մեկ ամիս, քանի որ մենք ունենք նախադեպեր` կապված դատական դեպարտամենտի ուսուցման ծրագրերի հետ: Այնտեղ դեպարտամենտի աշխատակիցներին ընդհանուր զենքի կրումն ու կիրառումը ուսուցանվում է մեկ ամսում: Մենք էլ ենք կարծում, որ դա բավարար է պահնորդին»,- ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Սակայն կառավարության որոշած «բարդ ընթացակարգի» համաձայն` պահնորդների ուսուցանումը պետք է իրականացվի առնվազն 4 ամսում` հաշվի առնելով, որ նա կարող է նաև զենք կրել:

Նախ` օրենքով պահնորդական և թիկնապահական գործունեություն իրականացնող անձը պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցած լինի: Բոլորն էլ տեղյակ են, որ պահնորդական գործունեություն իրականացնելու համար ընկերությունները հիմնականում ընտրում են նախկին զինվորական ծառայության կամ իրավապահ համակարգերում աշխատած անձանց: Համենայն դեպս հայտարարություններում բազմիցս հանդիպել ենք, որ նման աշխատողներ փնտրելիս միշտ նշվում է, որ նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմողներին:

Եվ օրենքի այս կետով ստացվում է, որ նախկին սպան կամ նախկին զինվորականը պետք է դեռ նոր սովորի զենք կրելու և օգտագործելու կանոնները և այլն: Ավելին` ստացվում է, որ մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը պետությունը շատ հանգիստ վստահում է 18-20  տարեկան երիտասարդներին, քանի որ 18 տարեկանն է  համարվում զորակոչային տարիք, իսկ մի ինչ-որ օբյեկտի, կազմակերպության, հիմնարկի, գործարանի, օֆիսի արտաքին կամ ներօբյեկտային պահպանության համար դեռ պետք է մարդիկ համապատասխան ուսուցում անցնեն և որակավորում ստանան: Այսինքն` մասնավոր օբյեկտները ավելի կարևոր են, քան պետության սահմանների պաշտպանությունը: Բացի այդ, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2013 թ. հունվարի 1-ից, մասնավոր պահնորդական գործունեություն ծավալող ընկերությունները պետք է արդեն իսկ սկսեն լիցենզավորման գործընթացները, սակայն դեռ չափորոշիչներն էլ վերջնականապես ամրագրված չեն: Ու այսպիսով կստացվի, որ այս դաշտում գործունեություն ծավալող ընկերությունները հունվարի 1-ից կկանգնեն լուծարման վտանգի առջև:

Հարցի սոցիալական կողմը

Մասնավոր պահնորդական ոլորտում աշխատողների թիվը Հայաստանում հասնում է մոտ 10 հազարի: Նրանք ամսական ստանում են 50-100 հազար դրամ աշխատավարձ: Երբեմն, կախված իրականացրած գործառույթների առանձնահատկություններից և բարդություններից` ավելի շատ: Ու եթե այս կազմակերպությունները հունվարի 1-ից կանգնեն լուծարման վտանգի առջև, գործազուրկների բանակը կլրացնեն ևս 10 հազարով:

Այս հարցերը լուծելու համար, նաև շրջանառության մեջ դրված օրենքում փոփոխությունների ու լրացումների առաջարկություններ անելու նպատակով մի շարք կազմակերպություններ ստեղծել են Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միությունը, որի մեջ մտնում են «Արմոբիլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը, «Լեգեոն» ընկերության տնօրեն Եղիշե Սիմոնյանը, «Պանտերա սեքյուրիթիի» տնօրեն Վահագն Դարբինյանը, «Բերկուտ» պահնորդական և թիկնապահական քոլեջի տնօրեն Վահագն Հարությունյանը, «Գրանդ էս» ընկերության տնօրեն Գարիկ Հակոբյանը:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply