Ինչո՞ւ են ադրբեջանցիները ցանկանում գալ Երևան

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 6, 2012 7:00

Նոյեմբերի 29-ին Երևանի մարզահամերգային համալիրի ռինգում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մասնակցության հայտեր են ներկայացրել շուրջ 7 տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2009-ին Երևանում կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությունում իրենց ուժերն են չափել 51 պետությունների մարզիկներ:

Առավել ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ առաջնությանը ցանկանում են մասնակիցներ ունենալ մեր սահմանակից երկրի ներկայացուցիչները:

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել, որում նշված է 6 բռնցքամարտիկի ու ևս 6 պատվիրակի անուն: Հիշեցնենք, որ երկար ժամանակ  սահմանակից երկրի ներկայացուցիչները գերադասում էին բաց թողնել Հայաստանում կազմակերվող խաշորամասշտաբ մրցումները, սակայն այս անգամ այլ վերաբերմունք են դրսևորում: Թե ներկայումս ինչն է ադրբեջանցիների մտքինը, դժվար է ասել:

Ի դեպ, ադրբեջանական կողմը անվտանգության երաշխիքներ է պահանջել և չի բավարարվել, որ այն տվել է միայն Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ադրբեջանական կողմի պահանջն է, որ երաշխիքներ տան նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Իսկ պարզաբանումն այն է, որ իրենք էլ այդպես են վարվել 2010-ին, երբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստվում էր մասնակցել Բաքվում աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար: Ի դեպ, ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում էր, որ Հայաստանի ներկայացուցիչների այցելության ժամանակ կարող են անկանխատեսելի բաներ կատարվել: Թերևս մերոնք ևս նույնպիսի մոտեցում պետք է դրսևորեն, առավելևս, որ հանցանգործ, հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջերս Բաքու վերադառնալուն պես, ազատ արձակելուց և հերոսացնելուց հետո, հայ ժողովրդի զավակները խիստ վրդդովված են… Թերևս, դա հայտնի է նաև ադրբեջանական կողմին: Հնարավոր է, որ պատվիրակներ ուղարկելը սադրանք է:

Ի դեպ, այս ստուգատեսի անցկացումը մեր երկրին ոչինչ չի տալիս: Հիշեցնենք, որ այն պետք է կայանար Թաիլանդում, սակայն այդ երկրի ներկայացուցիչները հրաժարվեցին տվյալ գաղափարից, իսկ Հայաստանը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնեց: Թերևս նպատակը տպավորությունը փոխելն է, սակայն հնարավոր է, որ այդ քայլը գլխացավանքի պատճառ դառնա: Հիշեցնենք, որ 2012-ի մրցաշրջանում  Հայաստանի մեծահասակ և երիտասարդ բռնցքամարտիկներն աչքի չեն ընկել  միջազգային ռինգում, օլիմպիական խաղերից էլ մեր երկրի պատվիրակները միայն տխուր տպավորություններով են վերադարձել:

Հավելենք, որ 2010-ին Բաքվում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը պատվիրակներ չի ուղարկել:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply