Կուսության պաշտամո՞ւնք, թե՞ ձևական թասիբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | November 3, 2012 7:00
Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները վերստին անդրադարձան օրիորդների «աղջիկ» լինել–չլինելու հարցերին: Պատճառն այն տեղեկությունն էր, թե Հայաստանի Հանրապետություն արհեստական կուսաթաղանթ է ներմուծվել: Ներմուծողի հետ զրուցել էին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծառայության մեր գործընկերները: Նա նշել էր, որ որևէ կուսաթաղանթ Հայաստան չի ներմուծվել, իբր դա Իրանի Իսլամական Հանրապետության համար է:
Թերթերն ու օնլայն կայքերը սփռեցին տեղեկությունը, և նորոգվեց «խաչակրաց արշավանքը» որոշ ավանդույթների դեմ:
«Անկախը» փորձեց լրագրողական հետաքննություն իրականացնել` պարզելու` իրո՞ք հայ ընտանիքի ամրությունը կախված է «կուսաթաղանթից»…
«ՄԱ՛Մ ՋԱՆ, ԵՐԵՔ–ՉՈՐՍ ՕՐ ՉԶԱՆԳԵՍ»
Մեր հերոս Գրետա Սարգսյանն ասում է (անուն-ազգանունը փոխված է հերոսի խնդրանքով), որ երկու տղա երեխա է ծնել ու մեծացրել, երկուսն էլ արդեն ամուսնացել են, բայց մի քիչ սրտնեղած է.
– Առաջին տղայիս` մեծիս, ամուսնացրի 2009-ին, մի լավ աղջիկ էր գտել: Ասաց. «Մա՛մ ջան, հարսանիք չենք ուզում անել: Որոշել ենք Եվրոպա գնալ, երևի այնտեղ էլ կմնանք ու նոր կյանք կսկսենք»: Դե, ամուսինս դեմ չէր, ասաց. «Իրանց կյանքն ա, ինչ ուզում են, թող անեն»: Ես դեմ էի, երեխա եմ մեծացրել, որ կնիկ առնի ու թողնի գնա՞:
Տիկին Գրետան աշխատում է Հայաստանի խոշոր հիմնարկներից մեկում որպես գլխավոր հաշվապահ: Նշում է, որ կյանքի մեծ մասը նվիրել է մասնագիտությանը: Ամուսինը հայ ավանդապաշտներից չի եղել, բայց խստությունը միշտ էլ պահպանել է: Անցյալ տարի` 2011-ին, տիկին Գրետան ծանոթանում է նոր հարսիկի հետ: Փոքր որդին որոշում է ամուսնանալ:
– Բերեց, ծանոթացրեց: Լավ աղջիկ էր: Տղաս հարսանիքի օրն ասաց. «Մա՛մ ջան, երեք-չորս օր չզանգես, ես կզանգեմ»: Մի պահ չհասկացա` ինչ ասաց: Հետո զգացի, որ գուցե ճիշտ են անում:
Տիկին Գրետան անհասկանալի է համարում իր տղայի ընտանիք կազմելու առաջին քայլերը:
– Գիտես, ես տենց ավանդապաշտ չեմ, բայց ինձ համար անհասկանալի էր կարմիր խնձոր չբերելը: Մինչև հիմա էլ ինձ համար մութ մնաց` էդ աղջիկը աղջի՞կ էր իրականում, թե՞ չէ: Տղաս մի շաբաթ անց զանգեց ու ասաց. «Մամ՛, գալիս եմ տուն վեշերս տանեմ, վարձով ենք որոշել ապրել»: Այդ պահին ոնց որ սառը ցնցուղ ընդունեի:
Տիկին Գրետայի ամուսինը կնոջը բացատրել է, որ կյանքը փոխվել է, ժամանակները` նույնպես: Ջահելները ցանկանում են առանձին ապրել:
– Չնայած մի քիչ էլ իմ սրտով էր: Երազում էի` տղաներիս ամուսնացնեմ ու ամուսնուս հետ ապրեմ: Բայց չեն մոռացել ինձ, մեկ-մեկ գալիս են,- ասում է տկն Գրետան:
Խոսելով ժամանակակից հարսներից` զրուցակիցս դժգոհում է, ասում է, որ քչացել է հարգանքը:
– Ինձ` որպես սկեսրոջ ոնց որ չեն ուզում հարգել: Այսօր հարգանքը քչացել է: Այ մարդ, ինչ ուզում են, թող անեն, բայց մայր եմ, չէ՞, ինչո՞ւ ինձ չեն հարգում: Մեր ժամանակ չէինք կարող չհարգել մեր սկեսուր-մայրիկներին,- վստահեցնում է տկն Գրետան:
«ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԻՆՉԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԸ»
– Ի վերջո, հո մենք քարի դարում չենք ապրում, ամեն ինչ էլ տեսնում ենք,- ասում է մյուս զրուցակիցս` 27-ամյա Նորայր Ստեփանյանը:
Նա վստահ է, որ «կուսությամբ» ընտանիքն ավելի լավը կամ ավելի վատը չի դառնում:
– Դե, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր ապագա կանանց համար առաջինը լինենք, այսինքն` կույս լինեն: Բայց էսօր ժամանակները շատ են փոխվել: Բա որ սեռական կյանքում իրար չհասկանանք, ու ամեն ինչ գրողի ծոցը կորչի՞: Այդպես է, չէ՞, զույգերը ամուսնանում են, նոր հասկանում` իրար համար են, թե չէ…
Նորայրը դեռ չի ամուսնացել, ասում է` հազիվ է հանդուրժում ծնողների ամենօրյա «թեմաները», թե` այ բալա ջան, ամուսնացի, էրեխեք ունեցի, թոռներ ենք ուզում: Պատճառների մասին զրուցակիցս երկար-բարակ չի ցանկանում խոսել, ասում է` տան աղջիկ չեմ գտնում:
– Ի՞նչ ես հասկանում «տան աղջիկ» ասելով,- հետևեց մեր տրամաբանական հարցը:
– Չէ՛, չէ՛, չմտածեք, թե ասում եմ, որ ինձ համար պարտադիր է կուսաթաղանթի կարգավիճակը: Ուղղակի պետք է իմանամ ճշմարտությունը: Եթե աղջիկն ինձ հետ անկեղծ լինի ու ասի ամեն ինչ, ես նրան կհասկանամ: Սովոր չեմ նման բաներից տրագեդիա սարքել: Հետո ես կարևորում եմ մինչամուսնական կապը: Կարծում եմ` ամուսնական առաջին գիշերը միայն հեքիաթ է: Այդ գիշերն ավելի շուտ պետք է լինի, որպեսզի և՛ ես, և՛ այն աղջիկը, ով պետք է կինս լինի, հասկանանք` իրար համա՞ր ենք, թե՞ չէ: Թե չէ` էս ո՞ր թիվն ա:
Նորայրն ասում է, որ հաստատ որոշել է` մինչև հաջորդ տարվա գարուն ամուսնանալու է:
– Դե, արդեն ընկերուհի ունեմ: Մեր հարաբերությունները բավականին լուրջ են: Այս տարի Ամանորը որոշել ենք միասին անցկացնել: Գնալու ենք Դուբայ: Հետո կգանք ու կպատրաստվենք հարսանիքին: Ծնողներս էլ են արդեն ոգևորվել, սպասում են այդ օրվան,- նշում է զրուցակիցս:
«ԷՍՕՐ ԲԱՅՑ ԿՈՒՅՍ ԱՂՋԻԿ ԿԱ՞»
Մեր մյուս զրուցակիցը չափազանց զգայուն, էմոցիոնալ մայր է: 44 տարեկան է արդեն, երկու զավակի մայր: Ասում է` իր համար մեկ է՝ հարսը կույս կլինի, թե ոչ:
– Մենք ամեն ինչով ենք շատ հին, սա ևս ապացուցում է դա,- սկսեց խոսել տիկին Արմինեն:- Գիտես, էսօրվա աղջիկներին ես լավ գիտեմ, մատից արյուն կհանեն, շաղ կտան անկողնու մեջ ու կարմիր խնձոր կխաղան. ո՞ւմ է պետք, ո՞ւմ ենք խաբում: Դա հին ավանդույթ է` չգիտեմ էլ ինչի համար է: Կամ էլ կուսությունը սրբորեն պահում են, բայց ամեն ինչ էլ հասցնում են անել: Կարևորը կարծում եմ` ընտանիքի հասկացված լինելն է, ամուր լինելն է, միմյանց սիրելն է: Օրինակ` Ֆրանսիայում, որտեղ ապրել եմ մոտ 5 տարի, աղջիկները 15 տարեկանից տրվում էին ցանկացածին, իսկ երբ աղջիկը հասկանում էր, որ իր կյանքի տղամադուն է գտել, դանակն ու զենքն էլ կոկորդին դնեիր, չէր դավաճանի:
Տիկին Արմինեն ցավով է նշում, որ մեր երկրում դեռ մնացել է կուսության պաշտամունքը, և համարում է, որ դա անձնական բնույթի հարց է:
– Դա, այնուամենայնիվ, խիստ անձնական հարց է, որը վերաբերում է երկուսին` տղայիս և հարսիս: Ինչ ուզում են, թող անեն, ոնց ուզում են, թող դասավորեն իրենց կյանքը:
«ՄԵԿԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՄՅՈՒՍԸ` ԱՄՍՈՎ Է ԿՈՒՅՍ»
Սաթենիկն արդեն 23 տարեկան է: Ասում է` կույս է, բայց միայն ամսով: Խաբելու բան չունի:
– Ընկերներ շատ եմ ունեցել: Վերջին ընկերս մի անգամ հարցրեց` կո՞ւյս ես: Ասեցի` ամսով, թե՞… Ասեցի` չէ, կույս չեմ: Թողեց-գնաց: Ինձ ամենավերջին բառերն ասաց, իսկ այսօր գլխին է խփում, քանի որ համարյա հայ աղջիկների 98 տոկոսը խաբում են տղաներին, իսկ ես չեմ կարող խաբել:
Սաթենիկն ասում է, որ կուսությունը պահելով` աղջիկը լավը կամ վատը չի դառնում: Շատ աղջիկներ կան, որ պահել են իրենց կուսությունը, բայց ամեն ինչ էլ անում են:
– Հեն ա, ամենամոտիկ ընկերուհիս` Տաթը, ասում ա տղերքին` ինձ հետ ինչ ուզում եք արեք, մենակ թե կույս մնամ: Հազար անգամ ասում եմ` աղջի, խելքդ-գլուխդ հավաքի, մեկ ա, ո՞ւմ ես ասում:
Սաթենիկն իրենից տարիքով մեծերից ու հարևաններից հասցրել է շատ բան իմանալ: Որոշել է` ուրիշների սխալների դասերը ականջին օղ անել:
– Հարևանի տուն հարս էին բերել: Երկրորդ օրն ամուսնալուծվեցին: Պարզվեց` աղջիկը կույս էր, բայց չէր բավարարվել, ամուսնուց այլ բան էր պահանջել: Նման բաներ էլ են լինում կյանքում, ամեն ինչ էլ լինում է, ուղղակի պետք է արդար լինել:
ԲԺՇԿԻ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանին հարցնում ենք` աղջիկները կուսությունից հետո ինչո՞ւ են իրենց կույս զգում, ասում է.
– Գիտես, նմանօրինակ բարդույթ ունեցող աղջիկը ոնց որ անգիտակցաբար չի պատրաստվում հրաժեշտ տալ իր մանկությանը, մաքուր ու ջինջ մանկությանը, ձգտում է պաշտպանված լինել իրեն սիրող մարդու կողմից: Հաճախ այս դերում լինում է նրա մայրը:
Բժիշկն ասում է, որ շատ աղջիկներ սովորաբար մանկուց կապված են լինում մայրերի հետ և մայր-աղջիկ հարաբերություններում քննարկման թեմա կարող է դառնալ նույնիսկ աղջկա առաջին ամուսնական գիշերը:
– Այսպիսի զրույցներն ու խորհուրդները, ինչպես փորձը ցույց է տալիս, ստեղծում են ավելորդ լարվածություն, ինչի հետևանքով ձեռք է բերվում, օրինակ, նևրոզ, ձևավորվում է սեքսուալ բարդույթ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել սեքսուալ ցանկության բացակայության: Կլինիկայում հանդիպում է «կույս ամուսնություն» կոչվածը, երբ լիաժեք չի բացվում կուսաթաղանթը:
Բժիշկ Գրիգորյանը վստահեցնում է, որ հաճախ են այսօրինակ բարդույթներով ամուսնական զույգեր այցելում: Նրա խոսքով` բանն այն է, որ անկողնում իրենց կանոններն են թելադրում սկեսուր-մայրիկներն ու զոքանչները, քանի որ դեռ գոյություն ունի «կարմիր խնձոր» տանելու կուլտուրան:
– Գիտես, յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ ավանդույթներ: Կուսության պաշտամունքը, այսպես կոչված, ձևական թասիբը, հայերի շրջանում դեռ փոքրուց է դրվում և նույնիսկ ուղեկցվում որոշակի վախերով, մեղքի զգացումով… Կորցնելով կուսությունը` աղջկա մեջ ափսոսանքի զգացում է արթնանում, ձգտում` վերադառնալու դեպի մանկություն: Շատ աղջիկների համար կուսության կորուստը մահից հետո ամենասարսափելի բանն է կյանքում: Նույնիսկ կան աղջիկներ, որոնք մինչ ամուսնանալը անկողնում բավականին անկաշկանդ կապեր են ունենում` պահպանելով կուսությունը: Ինչը, գուցե, ավելի կեղտոտ է ու անբարոյական,- ասում է Տիգրան Դավթյանը:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
