Ազատ Արցախը հպարտ է իր զինվորով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | November 2, 2012 8:00
Օրեր առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ լրագրողների համար այցելություն կազմակերպեց ԼՂՀ զորամասեր: «Անկախը» ևս հայտ ներկայացրեց, և ես հայտնվեցի մեկնող լրագրողների խմբում:
10-12 ժամ ճանապարհ գնալուց հետո, մթնշաղին հասանք զորամաս:
Հայրենասիրական երգերով շարք-շարք քայլող զինվորներ, խրոխտ ձայնով հրամաններ տվող սպաներ և ճաշարան, որի հոտը հուշում էր այն մասին, որ շուտով ընթրիքի ժամն է: Մեզ այդ օրը, իհարկե, բախտ չվիճակվեց ընթրել զինվորների հետ, քանզի մեզ համար կազմակերպված էր առանձին հյուրասիրություն սպայական ճաշարանում, սակայն մենք կարողացանք ընթրիքի ժամին գտնվել զինվորական ճաշարանում և տեսնել, թե ինչպես է սնվում մեր զինվորը: Այնուհետև, զորամասում մեզ դիմավորած սպայական անձնակազմը` զորամասի գնդապետ հրամանատարի գլխավորությամբ, մեզ ծանոթացրեց տարածքին և ուղեկցեց այդ օրը մեզ համար հատկացված թիվ 5 զորանոց, որը դիրքապահների «կազարման էր»: Եվ, քանի որ դիրքապահ զինվորներն այդ օրերին գտնվում էին դիրքերում, մի գիշեր նրանց զինվորական անկողինները զբաղեցրինք մենք` հայրենիքին թուղթուգրիչով ծառայողներս:
Երեկոյան` ընթիքից հետո ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ռազմահայրենասիրական բնույթի դասախոսությամբ հանդես եկավ զինծառայողների առջև` խոսելով զինվորական ընկերության կարևորության, միմյանց հանդեպ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտության մասին` կոչ անելով լինել հնարավորինս հանդուրժող և ներողամիտ միմյանց սխալների նկատմամբ և մեր ունեցած ցանկացած տեսակի զենք կիրառել միայն մեկ թշնամու` սահմանի մյուս կողմում գտնվող ադրբեջանական զորքի դեմ:
Շարքային զինծառայող Մանվել Միսակյանը, որ 18 տարեկանը լրանալուն պես զորակոչվել է բանակ, արդեն 10 ամիս է` ծառայում է հայոց բանակում: Ինչպես ինքն է նշում, շատ լավ տպավորություններով է եկել ծառայության և հիմա էլ հպարտությամբ է ծառայում, սակայն սկզբնական շրջանում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: «Ամենադժվարը եղել է կարոտը, զինվորներից շատերը չէին դիմանում կարոտին, ամեն մարդու մոտ տարբեր ձև ա արտահայտվել էդ կարոտ ասվածը, սակայն սպաները նստում զրուցում էին հետներս, ով մի բանից նեղված էր լինում, փորձում էին օգնել ինչով հնարավոր էր»,-պատմում էր Մանվելն ու կարոտով հիշում ոչ միայն իր հարազատներին, այլև հարազատ մոր եփած կերակուրը, թեև չէր դժգոհում նաև բանակում տրվող ճաշից, բայց դե` «մամայի սարքած պյուրեն համեմատելու չի էստեղինի հետ»:
Մանվելի ծառայակից ընկերը` Շավարշը, որ ապագա պատմաբան է և բարձրագույն կրթությունը կիսատ թողնելով` եկել էր ծառայության, բոլորովին այլ կերպ է պատկերացրել ծառայությունը մինչև գալը և արդեն զորամասում հագնելով համազգեստը` նոր է հասկացել, որ իրականում ծառայությունն այնքան էլ նման չէ իր լսածին ու պատկերացրածին: Շավարշը կարծես Արծրուն Հովհաննիսյանի խորհուրդները վաղուց է իր համար սկզբունք դարձրել զինվորների հետ միջանձնային հարաբերություններում. «Ես, օրինակ, իմ ջոկի հետ եմ ամբողջ օրը լինում ու եթե իմ ջոկի մեջ տեսնում եմ` երկու հոգի իրար հետ մի տեսակ են խոսում, երկուսին էլ բացատրում եմ, որ տենց չի ձևը, որ վաղը կարող է հելնեք պոստավոյ բատալյոն ու իրար հետ մի դիրք պահեք, ու իրար հետ պետք ա լավ ըլնեք… »:
Դիրքեր. այստեղ տպավորությունը բոլորովին այլ էր, զգացողությունները նույնպես…
Առավոտյան մի քանի մեքենաներով մեկնեցինք դիրքեր: Մեր այցելության պահին դիտակետում երկու զինվոր էին հերթապահություն անում` Վահանն ու Վարդգեսը: Երկուսն էլ միաբերան նշեցին, որ այդտեղ շատ ավելի լավ է, քան զորամասում: Մի ընտանիքի նման են, գլխներին հրամաններ տվող չկա, երկու ժամը մեկ, ըստ կարգի, երկուսով գալիս կանգնում են նույն տեղում` զենքը ձեռքներին հետևում թշնամու շարժին, սահմանից այն կողմ ամեն մի փոփոխություն գրանցում հատուկ մատյանում և ժամը լրանալուն պես իջնում «բլինդաժ»` հանգստանալու:
Նրանցից մեկը ևս ուսանող էր, պատրաստվում է բանասեր դառնալ, սակայն ուսման կեսից զորակոչվել է բանակ: Կրկին նույն համեստ գնահատականը իրենց զորամասում անցնող ծառայության վերաբերյալ` ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա: Ձայնագրիչս անջատելուց հետո, երբ ես նրանց փոխանցեցի իմ հեռախոսահամարն ու կոորդինատները` խոստանալով զանգի դեպքում օգտակար լինել նրանց` ինչով կարող եմ, նրանցից մեկն անկեղծացավ ու ասաց. «Բայց մեկ ա դժվար ա, կարոտը տանջում ա»:
Իջա բլինդաժ, որտեղ աղջիկներն արդեն հասցրել էին վայելել տեղի զինվորների պատրաստած սուրճն ու հաճելի զրուցել նրանց հետ: Այստեղ այլ տրամադրություն էր: Մոտենալով զինվորներից մեկին` խնդրեցի ծանոթացնել իրենց սննդակարգին: Նա սիրով բացեց սառնարանը, որում եղած պարենի մեծ մասը պահածոներ էին: Զինվորները փաստեցին, որ «դիրքային» այդ սնունդն իրենց դուր է գալիս և տարբերվում է զորամասի ճաշարանի սննդատեսակներից: Մի քանի րոպե էլ այդտեղ իրենց հանգստի ժամերն անցկացնող զինվորների հետ զրուցելուց և նրանց զրահաբաճկոնի ու սաղավարտի ծանրությունը զգալուց հետո, վերադարձանք զորամաս:
Այստեղ պետք է տեղի ունենար ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ մեր հանդիպումը: Ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու են զինվորները կաշկանդված, ԼՂՀ ՊԲ հրամանատարը նկատեց, որ իրենց բանակի զինվորը կաշկանդված է միայն նման հանդիպումներում, քանզի զինվորը պետք է լուռ լինի և շատ չխոսի, իսկ ծառայության ընթացքում, երբ պետք է դրսևորի իր մարտական գիտելիքներն ու հմտությունները, Մովսես Հակոբյանի հավաստմամբ, հայ զինվորը բոլորովին էլ կաշկանդված չէ:
Նշեմ, որ զորամասը կրում էր Մոնթե Մելքոնյանի անունը: Պաշտպանության բանակի հրամանատարը հավաստիացրեց, որ այն սնունդը, այն կարգուկանոնն ու կենցաղային պայմանները, ինչ տեսանք այդ զորամասում, կարող ենք տեսնել նաև ԼՂՀ ցանկացած այլ զորամասում:
Վերջում անկեղծացավ, որ երբ զայրացած է լինում, գնում է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, քանզի կարողանում է հանգստանալ միայն այնտեղ, որտեղ իր զինվորն է, քանզի ինքը հպարտ է իր զինվորով:
Հրամանատարի հպարտությունը մեզ էլ էր փոխանցվել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
