«Մեր խոսքն ասելու ժամանակը մոտեցել է». Վազգեն Մանուկյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 1, 2012 21:00

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» խնդրանքով մեկնաբանեց հոկտեմբերի 24-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի  խորհրդարանի օրենսդիր խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր բան է կատարվել, քանի որ դրանով մյուս երկրների հետ աշխատելն ավելի է հեշտանում,- ասաց Մանուկյանը,- և բացի այն աշխատանքից, որը կատարել է Ավստրալիայում մեր Հայ դատի հանձնախումբը, ինչը շատ ողջունելի է, կարծում եմ՝ դրան նպաստել է նաև Սաֆարովի դեպքը: Դա եղել է համոզելու վերջին կաթիլը»:

Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ Ավստրալիայի քայլը մի ցուցանիշ էր, որ մենք մտել ենք մեր խոսքն ասելու, այսինքն` ԼՂՀ անկախությունը ճանաչելու փուլը. «Իհարկե, եթե ԼՂՀ անկախությունն աշխարհում ճանաչեին տասնյակ երկրներ, հետո նոր՝ մենք, դա կլիներ վիրտուոզ շախմատային խաղ, բայց այդպիսի բաներ աշխարհում սովորաբար չեն լինում: Ինչ-որ տեղից հետո սպասելու են մեր խոսքին: Ես կարծում եմ՝ մեր խոսքն ասելու ժամանակը մոտեցել է»:

Այնուհետև Մանուկյանը հետադարձ հայացք գցեց 1980-ականների վերջին, երբ ԼՂՀ կարգավիճակի և Հայաստան-Արցախ հարաբերությունների հարցը Ղարաբաղ կոմիտեի քննարկումների օրակարգում էր. «Քննարկվում էր, թե որ քաղաքական քայլն ավելի գրագետ կլինի (ոչ թե ո՛րն է ավելի ազգային, ավելի բարոյական և այլն, այլ գործնական տեսանկյունից որն է իրականացնելի), Ղարաբաղը միանա՞ Հայաստանին, թե՞ լինի առանձին պետություն: Եթե լինի առանձին պետություն, ապա ճանաչե՞լ, թե՞ ոչ կամ ո՞ր պահին ճանաչել…»:

Ըստ Մանուկյանի՝ տարիների ընթացքում այդ մտքի վրա շատերը պոպուլիստական խաղ խաղացին, թե իբր իրենք ավելի համարձակ են, քանի որ պահանջում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, մյուսներն էլ, որոնք շահագրգռված էին և պատասխանատու, կարծում էին, որ ժամանակը չէ. «Ես նույնպես կարծում էի, որ ժամանակը չէ,- ասում է նա,- երբ դու բանակցությունների մեջ ես, իսկ Արևմուտքը դեռ հույս ունի, որ միգուցե զիջես (դեռ չէին հասկացել, որ դա հնարավոր բան չէ), այդ պայմաններում քո միակողմանի ճանաչումը նշանակում էր դուրս գալ այդ քաղաքական պրոցեսից և ողջ հետևանքները բարդել քեզ վրա: Այդ տեսանկյունից սխալ էր»:

Սակայն անցան տարիներ ու տասնամյակներ, և այդ ընթացքում շատ բան փոխվեց հօգուտ այն հարցի, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ճիշտ որոշում է. «Աշխարհը տեսավ, որ Ղարաբաղը բանակցային ճանապարհով հնարավոր չէ Ադրբեջանի կազմի մեջ մտցնել: Արևմուտքի ձգտումը՝ պարտադրել, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի մեջ, թուլացավ և ընդհանրապես առաջ եկավ մի սերունդ, որը Ղարաբաղը տեսնում է իբրև հաստատված մի պետություն և չի էլ պատկերացնում հակառակը»:

Այսօր Մանուկյանը կարծում է, որ Հայաստանն այն փուլում է, երբ հարմար առիթի դեպքում պետք է ճանաչի Արցախի անկախությունը. «Այդպիսի շատ լավ առիթ էր Սաֆարովի դեպքը,- կարծում է նա,- ոմանք կարող են ինձ հետ չհամաձայնել, ասել, որ ժամանակը չէ, և պետք է սպասել այլ առիթի, բան չունեմ ասելու, դա էլ իրենց տեսակետն է»:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply