ԲՀԿ-ն մերժեց ՀԱԿ-ի «սիրո խոստովանությունը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 1, 2012 15:03

Վերջին շրջանում ՀԱԿը սիրահետումներ սկսեց ԲՀԿի հետ: Արդեն տևական ժամանակ էր, ինչ ՀԱԿի առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանն ակնարկել էր ԲՀԿի հետ «համագործակցելու» մասին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախադեպ էլ եղավ` ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորվեց: Սակայն շտաբից այն կողմ քաղաքական ուժերը չանցան:

 Եթե ռեալ համագործակցության հնարավորություն առաջանա, ապա սխալ չի լինի վերանայել նախկին կարծիքը

 

Իսկ վերջերս սկսվեց արդեն մեսիջների կրակահերթ: Նախ` ՀԱԿ-ի անդամ Երջանիկ Աբգարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ համագործակցությունը շատ տարբեր կողմերի կարող է մոտեցնել իրար: «Եվ եթե անհրաժեշտ է, ապա սատանայի հետ էլ պետք է համագործակցել այս ավազակապետությանը հաղթելու համար: Այսօր Հայաստանի և հայ ժողովրդի պետական շահը պահանջում է, որ գրագետ իշխանություն գա, որպեսզի կարողանա սխալների ուղղում կատարել և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության հարթակում, որպեսզի կարողանա մաքրել այն կեղտը, որ 15 տարի լցվել է ամբողջ Հայաստանի վրա»,- ասել է Երջանիկ Աբգարյանը:

Կանխատեսելով այն հարցը, թե բա մոռացա՞ք, որ այդ ավազակապետության հիմնասյուներից մեկն էլ ժամանակին ԲՀԿ-ին էիք համարում, Աբգարյանը շարունակել է, որ  եթե ռեալ համագործակցության հնարավորություն առաջանա, ապա վերանայել նախկին կարծիքը սխալ չի լինի:

Հաջորդ «սիրո խոստովանությունն» արեց ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա էլ, լրացնելով իր գործընկերոջ միտքը, ոչ տարավ, ոչ բերեց ու հենց ԱԺ-ում հայտարարեց. «Մենք քաղխորհրդից դուրս տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկել ենք համագործակցության հետ կապված խնդիրներ՝ որպես օրակարգային հարց: Ի թիվս այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության, քննարկվել է նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը: Եվ այդ հարցում օգոստոսի նիստերից մեկում ընդունվել է հետևյալ որոշումը, որ քաղխորհուրդը վստահում է այդ հարցում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը և որևէ կերպ նպատակահարմար չի  համարում կաշկանդել իր գործունեությունը այդ ուղղությամբ: Սա է իրավիճակը, և այստեղ ես որևիցե խնդիր չեմ տեսնում»:

Այս քաղաքական գործչի համոզմամբ` երկրում այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ կա` «Բարգավաճ Հայաստանը» և ՀԱԿ-ը:

Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շարունակել էր իր միտքը. «Լինելու է կենաց և մահու պայքար, և ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերի անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետև Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը և բիզնեսն իրարից բաժանված լինեն, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինեն դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով և այլն: Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, կարող են համախմբվել և՛  Հայ ազգային կոնգրեսը, և՛ «Բարգավաճ Հայաստանը», և՛ ընդհանրապես լայն հասարակությունը»:

Հարցին, թե ինչպես են ԲՀԿ-ի հետ միասին պայքարելու արատավոր երևույթների դեմ, եթե մի քանի տարի առաջ ՀԱԿ-ը այն նույն երևույթների համար մեղադրում էր նաև «Բարգավաճ Հայաստանին»` «ռեժիմի հիմնասյուներից» մեկին, Զուրաբյանն արձագանքել է.  «Երբ ժողովրդական ընդդիմությունը պատերազմ էր տանում Քադաֆիի ռեժիմի դեմ, նրանք ողջունում էին Քադաֆիի այն զինակիցներին, որոնք անցնում էին ժողովրդի կողմը: …Մենք մեր խոսքերը հետ չենք վերցնում, բայց նաև հասկանում ենք, որ այսօր հայ ժողովրդի համար կարևոր է Հայաստանը ազատել այս խեղդող, հակադեմոկրատական ռեժիմից»:

ԲՀԿն հեշտ տրվողներից չէ

 

 Բայց ՀԱԿ-ի ներկայացուցիչների այս ջանասիրությունը ԲՀԿ-ում առանձնապես խանդավառություն չառաջացրեց: ՀԱԿ-ի մեսիջներին ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ չանդրադարձավ: Այնուհետև ՀԱԿ-ը մեկ անգամ ևս, արդեն Գուրգեն Եղիազարյանի բերանով ,սիրո առաջարկություն արեց ԲՀԿ-ին: Եղիազարյանը Երջանիկ Աբգարյանի` սատանայի հետ համագործակցելու տեսության վերաբերյալ նշեց. «Մարդուց ավելի մեծ սատանա գոյություն չունի, Լյուցիֆերը մարդու մոտ երեխա է: Դրա համար կհամագործակցենք ցանկացածի հետ, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս իշխանություններից»:

Գուրգեն Եղիազարյանը այն հարցին, թե յուրաքանչյուրի հետ համագործակցությունը ենթադրո՞ւմ է նաև այն մարդկանց, ում ՀԱԿ-ը տարիներ շարունակ մեղադրում էր մարտի 1-ի դեպքերի համար, նշեց, որ երկու մարդ կա, որ պետք է մարտի 1-ի համար պատասխան տան` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, սակայն այսօր իրենք պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել անգամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի Հայաստանը դուրս բերեն այս վիճակից»

Հոկտեմբերի 29-ին, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության հարցին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ՀԱԿ-ը ներկայացրել է ԸՕ փոփոխությունների նախագիծ, որտեղ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ կան, ուստի ես կարծում եմ, որ այդ  հարթակում մենք համագործացություն տեսնում ենք: ՀԱԿ-ի պատգամավորներից մեկը` պարոն Բագրատյանը, ներկայացրել է նվազագույն աշխատավարձի  շեմը 72 հազար դրամ դարձնելու նախագիծ, և այստեղ էլ, իհարկե, որոշակի  քննարկումների կարիք կա, այդ շեմի վերաբերյալ, բայց այս հարցում ևս համագործացության եզրեր տեսնում ենք»:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրությունների շուրջ համագործակցությանը, Նաիրա Զոհրաբյանը նշել է.«Նախագահական  ընտրությունների վերաբերյալ որևէ քաղաքական ուժի հետ որևէ  քննարկում առ այս պահը չի եղել»:

Այսպիսով, սեփական քաղաքական ուժի միավորների միջև հակասություններ հարուցելու գնով ՀԱԿ-ն անցավ իր սկզբունքների վրայով, եթե այդպիսիք երբևէ եղել են, սակայն այս ամենով հանդերձ` ԲՀԿ-ն իրեն սիրահետող ՀԱԿ-ին ուղարկեց` ավելի լավ մտածելու: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ արդեն ակտիվ շրջանառության մեջ են դրված ԲՀԿ-ՀՀԿ նոր համագործակցության մասին խոսակցությունները: Իսկ ՀԱԿ-ը մտածելու բան, իրոք, արդեն ունի, քանի որ բազմաթիվ ՀԱԿ-ականներ արդեն կսկսեն վերապահումով վերաբերվել նախորդ գաղափարներին ու կամաց-կամաց կլքեն ՀԱԿ շարքերը առանձին-առանձին կամ խմբերով:

Դիտվել է 2181 անգամ:
Print Friendly

Leave a Reply