Մեքենան բախվել է ուղևորատար գնացքին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 11:47
Նոյեմբերի 1-ին, ժամը 8.10-ի սահմաններում Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվելէ Արաքս-Երևան երթուղու թիվ 7011 ուղևորատար գնացքին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ տուժողներ չկան:
Պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով։ Արհամարհելով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև` գնացքի ուղևորների անվտանգությունը:
Որքան էլ ցավալի է, վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն 2 նմանատիպ ճանապարհատրանսպորտային պատահարն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Արտակարգ արգելակման արդյունքում գնացքը բախվել էր մեքենային՝ այն շպրտելով 6-7 մ հեռու: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է մեկ և տուժել չորս մարդ: Եվ այս ամենը թե’ իրավապահ մարմինների, թե’ երկաթուղու բազմակի զգուշացումներից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ։ Չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Հաճախ, նույնիսկ, հսկվող գծանցերում վարորդներն արհամարհում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:
Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե’ք ուշադիր և հիշե’ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:







Facebook
Tweet This
Email This Post
