Խորհրդակցություն կենսաթոշակային ապահովման համակարգի բարեփոխումների վերաբերյալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2010 16:22

Սերժ ՍարգսյանԿենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում և համապատասխանում ժամանակի պահանջներին, հետևաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանն ու ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանգամանորեն ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները` շեշտելով, դրանցից գլխավորը՝ կուտակային համակարգի ներդրումը,  որի նպատակը կենսաթոշակային տարիքից հետո քաղաքացիներին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելն է: Նրանք նաև ասել են, որ առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ:

Ընդունելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը` խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ներկայացրել են իրենց նկատառումներն, առաջարկություններն ու մտահոգությունները:

Նախագահ Սարգսյանը ամփոփելով խորհրդակցության արդյունքները` համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, և կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության  ժամանակ:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply