ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական ժայռապատկերները կդառնան Հայաստանի նոր այցեքարտը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 1, 2012 10:13

Լուսանկարը` «Արմենպրես»-ի

Հնագույն հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագրի արդյունքում կստեղծվի հայկական ժայռապատկերների ինտերնետային ամբողջական շտեմարան: «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հայկական ժայռապատկերները իրականում ունենք խորը ուսումնասիրության կարիք: «Մենք պետք է գերմանացի մասնագետների օգնությամբ հավաքագրենք այն, ինչ ունենք: Նրանք են մեզ հորդորել որպեսզի շտեմարան ստեղծենք, քանի որ հայկական ժայռապատկերները եզակի արժեք են ներկայացնում եւ պետք է ներառվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` գերմանացիներն արդեն ներկայացրել են գրավոր հսկայական նյութ, որտեղ ամեն ինչ վավերագրված է եւ հատուկ սարքավորումների միջոցով նկարագրված է ժայռապատկերների մասին հսկայական տեղեկություն: «Աշխատանքները կշարունակվեն դեռեւս մեկ տարի, որից հետո մենք կամփոփենք եւ կհասկանանք, թե ինչ ենք անելու: Խնդիրը ոչ միայն համաշխարհային ժառանգության ցանկում ներառվելն է, այլեւ այդ ժառանգությունը հանրահռչակելը, շրջանառելը` անկախ նրանից` կներառվեն ժայռապատկերները այդ ցանկում, թե ոչ»,- ասաց նախարարը: Կմշակվեն նաեւ դրանց պահպանության համապատասխան մեխանիզմները:

Հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների շտեմարանի ստեղծումը կնպաստի նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը: 2012 թվականի օգոստոսին փոքր քառաթիռ (կվադրոկոպտեր) սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքները՝ հնագույն ժայռապատկերները, առաջիկայում կներառվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: «Վստահ եմ, որ մեկնարկած գործընթացը իր տրամաբանական ավարտին կհասնի»,- ասաց Պողոսյանը: Յուրաքանչյուր ժայռապատկեր պատմական է եւ արժեքավոր, ու չկա հատուկ տարանջատում, քանի որ խոսքը ամբողջական միասնական դարավոր մշակույթի ներկայացման եւ պահպանման մասին է:

Ջերմուկում եւ Սիսիանում  հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը, որը ղեկավարում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, մեկնարկել է 2011 թվականից:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply