Զեկույց՝ Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2012 16:04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում” զեկույցի շնորհանդեսը: Զեկույցն իրականացվել է անկախ փորձագիտական խմբի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ զեկույցի նպատակն է Բոլոնիայի համակարգում Հայաստանի ձեռքբերումների և եղած խնդիրների արձանագրումը: Կարևորելով զեկույցի անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է. “Շատ կարևոր է, որ զեկույցը կազմվել է անկախ փորձագետների կողմից: Վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին: Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարևոր աշխատանքի նյութի հեղինակ և կրթական քաղաքականության իրականացման կարևորագույն գործընկեր: Զեկույցը բարձրացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Զեկույցը, բնականաբար չի կարելի դիտարկել վերջին ատյանի ճշմարտություն. փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ: Բայց զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու և ավելի արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ”: Շեշտելով, որ Հայաստանն ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնք կարող են արձանագրվել որպես նվաճումներ, սակայն զուգահեռ կան նաև բազմաթիվ խնդիրներ և անելիքներ. “Հայաստանն իրականացրած բարեփոխումների արդյունավետությամբ Բոլոնիայի համակարգում ընդգրկված եվրոպական երկրների շարքում միջին դիրքեր է գրավում, իսկ ԱՊՀ երկրների սանդղկում մենք առաջատարներից ենք: Արձանագրված արդյունքները մեզ չեն բավարարում, մենք ունենք առավել հավակնոտ նպատակներ,- նշել է նախարարը և հավելել, որ ունենք նոր անելիքներ և մարտահրավերներ, ինչպես նաև՝ խիտ, ծավալուն և դժվար իրականացվող օրակարգ, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը դառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անբաժանելի և լավագույն մասերից մեկը, ինչպես նաև՝ բարեփոխումների ծավալով համապատասխանի եվրոպական կրթական տարածքի որդեգրած ուղենիշներին:
Հեղինակային խմբի ներկայացուցիչ անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հակիրճ ներկայացրել է զեկույցի հիմնական կառուցվածքը, բարձրացված հարցադրումներն ու կիրառված մեթոդաբանությունը: “Մեր առջև դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը և դրան առնչվող ծրագրային բարեփոխումներն ու որակի ներքին ապահովումը”,-նշել է փորձագետը:
Նախագծի ղեկավար, ԵՊՀ պրոռեկտոր Արմեն Բուդաղյանը ներկայացրել է զեկույցի շրջանակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ զեկույցը կազմված է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և նոր գործընթացի հիմնական ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված հիմնական արդյունքներն ու բացթողումները ՀՀ բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են զարգացման հիմնական ուղենիշները:
Զեկույցը կազմվել է “Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն” անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակությանն աջակցել է Հայաստանում “Տեմպուսի” գրասենյակը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply