Մեղադրվում են մահացած կենսաթոշակառուների անվամբ ելքագրված կենսաթոշակի գումարները հափշտակելու մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 31, 2012 14:11

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Շահումյան-1» եւ «Խորհրդային-1» վճարային ծառայությունների` թվով երկու վճարող-տեսուչների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը, 2003-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Շահումյան-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի կենսաթոշակների գումարներ:
Մասնավորապես` տեղեկանալով, որ կենսաթոշակառու Ջ. Ալոյանը բացակայում է հանրապետությունից, իսկ Ա. Մնացականյանը մահացել է, նրանց մահվան կամ բացակայության փաստը ծառայությունում հայտնի չէ եւ հանգուցյալ կենսաթոշակառուի տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա. Հովհաննիսյանը իրավունք վերապահող եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված վերոհիշյալ կենսաթոշակառուների անվան դիմաց կեղծել է նրանց ստորագրությունները: Արդյունքում` Ա. Հովհաննիսյանը 2004-2010թթ. ընթացքում նրանց անվամբ անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
Մեկ այլ դրվագով Զ. Առաքելյանը, 2001-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, տեղյակ է եղել, որ կենսաթոշակառուներ Շ. Բեգլարյանը եւ Ե. Պապիկյանը մահացել են, բայց նրանց մահվան փաստը ծառայության տարածքային բաժնում հայտնի չէ, սակայն հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում: Օգտվելով այդ հանգամանքից` Զ. Առաքելյանը 2007-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում հիշյալ կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծել է եւ նրանց անվամբ ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին եւ Զ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան, իսկ Զ. Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը` Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply