Դատապարտվեցին ազատազրկման` առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 31, 2012 14:06

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանին առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ եւ նույն ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանին, ինչպես նաեւ Ա. Խաչատրյանին, Արմինե եւ Արման Գրիգորյաններին, Ս. Դանիելյանին առանձնապես խոշոր չափերի յուրացմանը օժանդակելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը, 2003-2009 թթ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, այնուհետեւ կանխիկացրել է և յուրացրել:
Դատավճռի համաձայն՝ հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է կեղծիքներ` փոխանցված գումարները ձեւակերպելով որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով ծախսագրել է: Նշված ժամանակահատվածում Ա. Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու դիտավորությամբ պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հաշվարկային հաշվից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947.704.500 դրամ ընդհանուր գումար:
Վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վ. Գրիշյանի, իսկ 23-ը` վերջինիս տեղակալ Ռ. Սիմոնյանի հաստատմանը, ովքեր պատշաճ հսկողություն չիրականացնելով և վստահելով իրենց գործընկերուհուն, միաժամանակ չիմանալով Ա. Գրիգորյանի իրական նպատակների մասին` ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում Ա. Գրիգորյանը կեղծել է Վ. Գրիշյանի կամ Ռ. Սիմոնյանի ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրա հանձնարարությամբ եւս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանը:
Առանձնապես խոշոր չափի` 937.579.600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ եւս: Մասնավորապես` փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպել է որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետեւ տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների եւ հաշվապահական ձեւակերպումների միջոցով ծախսագրել է:
«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու եւ յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը, կեղծելով նաեւ կոոպերատիվի նախագահ Ժ.Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնելով Ս. Սարգսյանին, հաշվապահ-գանձապահ Ա. Խաչատրյանին, անձնակազմի կառավարման եւ անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Ա.Գրիգորյանին, իր եղբորորդի Ա. Գրիգորյանին եւ ամուսնուն` Ս.Դանիելյանին, ինչպես նաև գործընկերուհի Լ. Հակոբյանին, վերջիններիս միջոցով կանխիկացրել եւ հափշտակել է ընդհանուր առմամբ 930.230.500 դրամ գումար:
Մեկ տարի 7 ամիս տեւած դատաքննության արդյունքում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի` 2012թ. հոկտեմբերի 25-ի դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով, Ս. Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման` 7 տարի ժամկետով, իսկ Ա. Խաչատրյանը, Արմեն եւ Արմինե Գրիգորյանները և Ս. Դանիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման` 4-ական տարի ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply