ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Պրահայում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2012 10:45

Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Չեխիայի Հանրապետության ժողովրդին եւ Սենատի անդամներին՝ Ազգային տոնի առթիվ: Նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- նշեց ԱԺ նախագահը: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: ԱԺ նախագահի խոսքով` քաղաքական երկխոսության համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա նշեց, որ Ազգային ժողովում ձեւավորել է Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խումբ, որի գործունեությունը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությանը: «Մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերություններ են հաստատվել եւ խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել նաեւ փոխճանաչելիության բարձրացման համար, միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Անդրադառնալով սաֆարովյան գործին` ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին: Նա բարձր գնահատեց Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձեւը: «Կարեւորելով մեր գործընկերների կողմից արդարացի եւ առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ շարունակական»: Պարոն Աբրահամյանը նաեւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա Սենատոր Շտետինային իր բազմամյա հայանպաստ աշխատանքի համար՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձեւի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, հատկապես Սաֆարովի դեպքի առնչությամբ:

Պարոն Աբրահամյանը կարեւորեց Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը Հայաստանում` առաջարկելով բացել Երեւանում Չեխիայի լիարժեք դեսպանություն, որտեղ կգործի նաեւ հյուպատոսական ծառայություն եւ Հայաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել Վրաստան Չեխիա մուտքի արտոնագիր ստանալու համար: Աժ նախագահի համոզմամբ՝ դեսպանության բացումը դրական ազդեցություն կունենա նաեւ քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության, զբոսաշրջության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Չեխիայի Սենատի նախագահը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ Չեխիա այցելելու համար: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը: Միլան Շտեխը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չեխիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նա կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները : Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը եւ դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետեւանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր:«Անթույլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակվում եւ հերոսի կոչում է ստանում»,-նշեց Չեխիայի Սենատի նախագահը:

Միլան Շտեխը կարեւոր համարեց Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանություն ունենալու Հովիկ Աբրահամյանի առաջարկը եւ համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւս: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպման արդյունքները երկու խորհրդարանների ղեկավարները ամփոփեցին համատեղ ճեպազրույցում, ինչպես նաեւ պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Ադրբեջանի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին՝ մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում» – ասաց պարոն Շտեխը:

«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որեւէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի եւ Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը», – ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով` Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ իր այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարությանը, որպեսզի Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությանը հնարավորություն տրվի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:

Չեխիայի Սենատի նախագահը ասաց, թե տեղյակ է, որ Հայաստանի պատմությունը հնագույններից է, եւ Հայաստանն է առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունել: Նա վստահեցրեց, որ մտադիր է տարբերակներ որոնել Հայաստանի քաղաքացիների համար Չեխիա մուտքի արտոնագրերի տրամադրման հարցը դյուրացնելու ուղղությամբ: Պարոն Շտեխը նշեց, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Նրա խոսքով` չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում:

Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոնիչի եւ խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Լիդիցե տուն-թանգարան, շրջայց կատարեցին Լիդիցե հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի շիրիմին եւ Լիդիցեի երեխաների արձանի մոտ, եղան Լիդիցեի մանկական պատկերասրահում: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց եւ զրուցեց ողբերգությունը վերապրածների հետ:

Օրվա վերջում ԱԺ նախագահը հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, պատասխանեց մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: «Մենք ունենք աշխարհասփյուռ հայրենակիցներ, որոնց ջանքերի եւ հնարավորությունների մեկտեղումը բխում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի շահերից, որովհետեւ տարածության առումով բաժանված լինելով, բայց եւ մեր ժողովրդի միասնական շահը գիտակցելով՝ մնացած ամեն ինչով մեկ ընդհանրություն պետք է լինենք: Միայն ա՛յդ կերպ կարող ենք դիմագրավել համազգային մարտահրավերները, լուծել համազգային խնդիրները, եւ հենվելով այսօրվա Հայաստանի ձեռքբերումների վրա՝ ուրվագծել ա՛յն արժանապատիվ ապագան, որը մեր ժողովրդի բոլոր զավակների ձգտումն է՝ անկախ նրանց գտնվելու վայրից:Այսօր բոլորիս խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը եւ հզորացնել մեր երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ: Այս գործընթացում ակնկալում ենք նաեւ ձեր գործուն մասնակցությունը:»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: «Ես ուրախ եմ, որ դուք այստեղ՝ Եվրոպայի սրտում, անմասն չեք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ընդհանրապես մեր ժողովրդի խնդիրներից, անտարբեր չեք նրա ճակատագրի հանդեպ»: «Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ գալու է նաեւ այդ ժամանակը, երբ արդեն շուրջ 20 տարի դե ֆակտո անկախ Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաեւ դե յուրե: Արդեն այսօր ժողովրդավարությամբ եւ մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցում է իր անմիջական հարեւան Ադրբեջանին: Իսկ այժմ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ վստահորեն բանակցություններ է վարում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի շրջանակներում՝ առաջնորդվելով ոչ միայն արցախահայության, այլեւ համայն հայության շահերով: Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կողմ են խնդրի լուծմանը միայն խաղաղ ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից պարբերաբար եւ ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունների: Միեւնույն ժամանակ մենք համոզված ենք, որ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: Հայաստանի Հանրապետությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում»,-շեշտեց ԱԺ նախագահը:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի եւ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Նույն օրը ուշ երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply