Նիցցա քաղաքի հայ ավազակախմբի կնքահորը սպառնում է յոթ տարվա ազատազրկում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 30, 2012 20:43

NICE,(AFP) – Երկուշաբթի դատարանի վճռով Ֆրանսիայի Կոտ Դ՛Ազյուր շրջանում հաստատված հայկական մաֆիայի պարագլխին առաջադրվեց 7 տարվա ազատազրկում: Վերջինս մեղադրվում է հատկապես կավատության եւ կեղծ թղթադրամների իրացման մեջ: Թղթադրամները վերջինիս մատակարարել են իտալացի մի կամորիստ (Կոմորա մաֆիայի անդամ) եւ իր որդին: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Նիցցայի քրեական դատարանը քննում է հայկական ծագմամբ 16 կասկածյալների եւ երկու իտալացիների գործը: Բազմապիսի մեղադրանքների թվում են նաեւ փողերի լվացումը, ապրուստի միջոցների չպարզաբանումը, համագործակցությունը հանցագործների հետ, բռնությունները, թմրանյութերը…

Գրեթե բոլոր կասկածյալները գործազուրկ են, ապրում են սոցիալական նպաստների հաշվին, բայց հաճախակի թանկարժեք (լյուքս) մեքենաներ են քշում եւ խաղում են Կոտ դ՛Ազյուրի խաղատներում, երբեմն նույնիսկ կեղծ թղթադրամներով: Դատախազ Կորին Սավոնը դատարանում մերկացրեց նրանց «պատմությունները»՝ պնդելով, որ ապաստան չտրվի ազատազրկված օտարերկրացիներին:

Դատապաշտպանի փաստարկները լսելուց հետո դատարանն իր վճիռը կկայացնի ուրբաթ օրը: Նրա տրամադրության տակ են գտնվում մասնակի խոստովանություններ եւ մի քանի ամիս շարունակ ձայնագրված հեռախոսային խոսակցություններ (2010-ի սեպտեմբերից 2011-ի մարտ ամիսը): Խմբավորման պարագլուխը ծանրամարտի նախկին չեմպիոն, Հայաստանում ծնված 49-ամյա Միհրդատ Ասատրյանն է, «Միրոն», որն այսօր Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել: Նա համառորեն ամեն ինչ ժխտեց, մինչդեռ ընկերները նրան ներկայացրին իբրեւ ձախորդ մարզիկ, որը մեծ հաջողություններ չի ունեցել «գործերում» եւ համեստորեն ապրում է Նիցցայում տեղակայված մի շենքում, որտեղ վարձավճարը ցածր է: Նրա վկայությունները ծիծաղի ալիք բարձրացրին դահլիճում:

Դատախազը նշեց, որ նրան մեծ հարգանքով էին վերաբերում: Մի գործարար մարդ, որը կասկածվում է խմբին ֆինանսավորելու մեջ (նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում) զրույցներից մեկում նրան որակել է իբրեւ «թագավոր»: Հետքննության արդյունքում պարզվել է, որ «Միրոն» «Օրենքով գողեր» մաֆիայի շրջանային պատասխանատուն է: Նրան դիմում էին, որպեսզի կարգավորեր Փարիզի, Մարսելի, Ստրասբուրգի, Լիոնի, Հունաստանի, Շվեյցարիայի եւ Իսպանիայի հայ համայնքի շրջանում ծագած վեճերը:

Ըստ տեղեկությունների՝ նա նաեւ խաղաղության համաձայնագիր է կնքել չեչեն հայտնի պարագլուխ Աբդուլահ Էրզանուկաևի հետ, որը 2011թ. մայիս ամսին, դեռեւս չպարզված պայմաններում, սպանվել էր Նիցցայում:

74-ամյա նապոլիտանցի Անտոնիո Կորիերիին, որը նշվում է իբրեւ Կամորայի անդամ, մատնել են հայերը: Նրանց պնդմամբ՝ իտալացին էր մատակարարում կեղծ թղթադրամները: Հետաքննության ընթացքում վերջինս նույնիսկ սպառնացել է սպանել նախաքննության դատավորին (քրեական հետախուզություն իրականացնող): Նրա որդին խոստովանել է, որ հոր խնդրանքով մի անգամ Նեապոլ է գնացել կեղծ թղթադրամների հետեւից: Դատախազը պահանջել է, որ հայրը դատապարտվի հինգ, իսկ որդին` 3 տարվա ազատազրկման:

Մինչ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ նույնիսկ Ռուսաստանում դրամները իրացնելը, դրանց ընդունմամբ զբաղվում էին խմբավորման կարեւորագույն դերակատարներից երկուսը՝ կեղծ եվրոները գնելով իրենց անվանական արժեքի մեկ երրորդի գնով: Խոսքը 49-ամյա Ռոբերտ Մխիթարյանի՝ «Ռուբոյի» (սպառնում է 7 տարվա ազատազրկում) եւ իր որդու՝Արենի մասին է (սպառնում է 4 տարվա ազատազրկում): Դատախազը 2-5 տարվա ազատազրկում է պահանջել Կոտ դ՛Ազյուրի եւ Լիոնի շրջանի բազմաթիվ վերավաճառողների նկատմամբ: Խմբավորմանը համագործակցող երեք հայեր կդատապարտվեն նաեւ Բելգիայում:

Քննվում է նաեւ կավատության մեջ մեղադրվող 41-ամյա Սարգիս Մնացականյանի՝ «Սերժի» գործը, որը պնդում է, որ սպասուհիներ է տրամադրել (սպառնում է 5 տարվա ազատազրկում):

Դատախազը մասնավորապես կոպիտ խոսքերով խոսեց խմբավորման անդամ Արթուր Հայրապետյանի՝ «հայր Վաչեի» մասին, որը Նիցցայի հայկական եկեղեցու նախկին տեր հայրն է եւ եկեղեցին մաֆիոզ խմբավորման համար ապաստանի էր վերածել:

Պատրաստեց` Սեդա Գրիգորյանը
Լուսանկարում` Նիցցայի հայկական եկեղեցին
Լուսանկարը` www.armeniens.net-ից

hetq.am

Դիտվել է 1858 անգամ:
Print Friendly

Leave a Reply