Հանրային քննարկում գործարքից հետո. ԱԳՆ-ի շենքի վաճառքի հարցը՝ Հանրային խորհրդում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 30, 2012 18:20

«Ասում են, որ գնացքը գնացել է, շենքը վաճառվել է, ինչ իմաստ ունի հարցը քննարկել, սակայն ամեն քննարկում ունի իր նշանակությունն ու արդյունավետությունը, և կարծում եմ՝ դեռ հույս կա վերանայելու, ծանրութեթև անելու այն դրական ու բացասական հետևանքները, որ կարող է ունենալ այս գործարքը»,- այսօր Կառավարության թիվ 2 շենքի (ԱԳՆ) վաճառքի հարցի քննարկման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը:

Քննարկումը, որին մասնակցում էին ՀԽ անդամներ և հանձնաժողովների անդամներ, հայտնի ճարտարապետներ, հասարակական կառույցների, ինչպես նաև կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Հանրային խորհրդի 3 ենթահանձնաժողովների կողմից (Քաղաքաշինություն, Ճարտարապետություն և Ազգային արժեքների պահպանություն):

Ներկաների գերակշռող մեծամասնությունն իր դժգոհությունը հայտնեց կառավության որոշման վերաբերյալ: Բարձրացվեցին գործարքի իրավական և բարոյական կողմերին առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը փորձեց ներկայացնել գործարքի օրինականությունը. «1998թ-ին կառավարության կողմից ընդունված «Հուշարձանների մասին» օրենքը կանոնակարգում է համապատասխան դաշտը և սահմանում օտարման ենթակա և ոչ ենթակա հուշարձանները, ինչպես նաեւ` սահմանում է հուշարձանի վաճառքի դեպքում գնորդի պարտավորությունները, մասնավորապես` պատմամշակութային արժեքի տեսքը պահպանելը: Կառավարության 2007թ-ի մարտի 15-ի 385 N որոշման համաձայն` կառավարության թիվ 2 մասնաշենքը ճանաչվել է օտարման կամ վաճառքի ենթակա հուշարձան, հետևաբար, օտարման տեսանկյունից գործարքն օրինական է»:

Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ապա Մարկոսյանը փորձեց ներկաներին համոզել, թե որքան նպատակային է եղել վաճառքը, և թե ինչ ենք մենք ունենում դրա արդյունքում. «Ունենալու ենք շենքը, որն իր տեղում է՝ ընդ որում բարվոք վիճակում, ունենալու ենք մեկ այլ շենք, որը դեռ չկա: Կարող եմ վստահեցնել, որ սա վերջին տարիներին կառավարության կնքած ամենահաջող գործարքներից է»:

Ներկաների վրդովմունքն ամենևին չփարատվեց: Իսկ ինչո՞վ ենք համոզված, որ շենքը չի վերափոխվի: «Պայմանագրում է ամրագրված»,-հիշեցրեց Մարկոսյանը: Ներկաներն էլ հիշեցրին օրինակներ, թե ինչպես են պատմամշակութային հուշարձան համարվող շենքերը օտարվել, ապա քանդվել:

«Այդ շենքը հանրության սեփականությո՞ւնն է,- հարցրին Մարկոսյանին,-ինչո՞ւ հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել»: «Պետական գույքը կառավարում է կառավարությունը»-պատասխանեց նա,-ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա քաղաքաշինական նախագծի դեպքում է պետք է հանրային քննարկումներ հրավիրվեն»:

Ներկաներից մեկն էլ հակադարձեց, թե Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ժողովրդավարական և մասնակցային կառավարման քաղաքականություն, որի համար ստեղծված են բավարար իրավական հիմքեր և մասնակցային ինստիտուցիոնալ կառույցներ, որոնցից է նաև Հանրային խորհուրդը: Իսկ կառավարության որոշմամբ ամրագրված է, որ Հանրային նշանակության որևէ իրավական կամ քաղաքական փաստաթուղթ մշակելիս այն պետք է դրվի հանրային քննարկման, ապա նոր ընդունվի որոշում:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը հարցը տեղափոխեց բարոյականության դաշտ. «Այս գործարքից հետո երիտասարդներն ինձ ասում են՝ Տիկին Դանիելյան, է՛լ չասեք, որ պետք է երկրում մնանք…»:

Նա վրդովված մեջբերեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի այն խոսքերը, թե լավ գին են տվել, վաճառել են, որ շենքին էլ տան, պիտի վաճառեն: «Դա հակաբարոյական է»,-ասաց նա:

Դահլիճից մեկն էլ արձագանքեց. «Որ լավ փող տան, մեզ էլ բիրիք կտան…»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ելույթ ունենալով, հայտարարեց. «Գործարքը միայն շահ է հետապնդում, այնտեղ բացակայում է բարոյական բաղադրիչը: Հավանաբար այդ գործարքն իրականացնողները պետական մտածողություն չունեն, ունեն միայն ֆինանսական մտածողություն»:

Ըստ նրա, գործարքում Հուշարձանների պահպանության օրենսդրությանը վերաբերող բազմաթիվ կետեր են խախտվել: «Օրինակ, եթե առուվաճառքի հարց էր առաջացել, առաջին հերթին պետք է դիմեին Պատմամշակութային հուշարձանների գործակալության մասնագիտական հանձնախմբին՝ պարզելու, թե արդյո՞ք այդ շենքը հնարավոր է օգտագործել որպես հյուրանոց: Վստահ եմ՝ բացասական պատասխան կլիներ, դրա համար էլ չեն դիմել»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ գործարքը հակապետական համարեց. «Հրապարակը մեր հանրապետության դիմագիծն է, մեր պետության արժանապատվությունը, և երբ մենք հրապարակը դարձնում ենք քարվանսարայ, մեր պետությունը դառնում է ամբոխավայր»:

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ կառավարության որոշումների հանդեպ մտավախություն է առաջանում վստահության ռեսուրսի բացակայության պատճառով: «Մեր միության վարչությունը հարցը քննարկել է, և մենք գործարքը սխալ ենք համարում: Թող էդքան քաջություն ունենան՝ հետ վերցնել որոշումը»,-ասաց նա:

ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ներկայացրեց ենթահանձնաժողովի առաջարկությունները, այդ թվում՝ դիմել ՀՀ նախագահին Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքի կայացման որոշումն անվաներ համարելու նպատակով: Նույնատիպ որոշում էլ կայացրել է ՀԽ ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովը: Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ենթահանձնաժողովների որոշումները կքննարկվեն ՀԽ լիագումար նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց՝ տրվելով «Տանգո» ՓԲԸ-ին, որն այնտեղ պետք է կառուցի 5 աստղանի հյուրանոցային համալիր` պարտավորվելով պահպանել շենքի պատմաճարտարապետական տեսքը: Գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Դիտվել է 2421 անգամ:
Print Friendly

Leave a Reply