Բացվել է Աջափնյակ վարչական շրջանի հիմնանորոգված հանգստյան գոտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 30, 2012 15:28

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում համայնքային ծրագրով այս տարի հիմնանորոգված հանգստյան գոտու հանդիսավոր բացմանը:
Երկրի ղեկավարին ներկայացնելով տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 1.7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, ամբողջությամբ փոխվել են բազալտե և բետոնե եզրաքարերը, կառուցվել և գործարկվել է երկու նոր ցայտաղբյուր:
Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, երեք բաց և մեկ փակ զրուցարան–տաղավարներով, երեք խաղային ատրակցիոններով, սպորտային առանձին հրապարակով և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներով։
Բացի այդ, քաղաքապետը նաև նշել է, որ տարածքի կանաչապատման նպատակով ամբողջությամբ փոխարինվել է զբոսայգու ընդհանուր տարածքի ավելի քան 4000 քմ վրա առկա պիտանությունը կորցրած հողաշերտը, իսկ հանգստի գոտու կանաչ զանգվածի ոռոգման նպատակով անցկացվել է 2035 գծամետր երկարությամբ ոռոգման նոր ցանց։ Տարածքում տնկվել է 750 մշտադալար տնկի:
Շրջելով և ծանոթանալով հանգստյան գոտում ստեղծված պայմաններին, Հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցել են նաև զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ: Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և իրենց տնօրինմանը հանձնելու նախաձեռնության համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում հանգստի գոտիների ստեղծման ծրագիրը լինելու է շարունակական. “Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի և ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում հինգ վարչական շրջաններում մենք արդեն բնակիչներին ենք հանձնել նման փոքր կենտրոններ և այսօր Աջափնյակ վարչական շրջանում շահագործման հանձնեցինք հերթական հանգստի գոտին: Այգիների և պուրակների վերակառուցման, ինչպես նաև նորերի ստեղծման ծրագրերը լինելու են շարունակական և հաջորդ տարիներին մենք մյուս վարչական շրջաններում ևս կունենանք նմանատիպ կենտրոններ”,-նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վարչական շրջանների նմանատիպ կենտրոնների ստեղծման աշխատանքների ընթացքը մշտապես եղել է իր անմիջական հսկողության ներքո. “Աշխատանքային շրջայցերի շրջանակում մենք մշտապես այցելել ենք նաև բոլոր շինհրապարկներ, այդ թվում նաև նմանատիպ կենտրոնների կազմակերպման աշխատանքներին հետևելու, ինչն էլ հնարավորություն է տվել հենց տեղում շտկել թերությունները: Մայրաքաղաքում բնակիչների հարմարավետությանն ուղղված ցանկացած ծրագրի հիմքում մենք, որպես սկզբունք հաշվի ենք առնում բնակիչների առաջարկներն ու խորհուրդները, ինչի արդյունքում էլ ապահովվում է հարմարվետ միջավայր”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հանգստյան գոտու վերակառուցման աշխատանքները կատարվել են երեք ամսում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply