Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի շահերից է բխում. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 13:48

Ղարաբաղյան հարցի առումով մենք ունենք առնվազն 4 մոտեցում: Մոտեցումներից մեկը վերջերս դրսևորեց “Ժառանգություն” կուսակցությունը` փորձելով ճանաչել Արցախի անկախությունը: Երկրորդը ՀՀՇ-ական մոտեցումն է` Լևոն Տեր-Պետրոսյանի և Դավիթ Շահնազարյանի կողմից, ըստ որի, Արցախն ինքն է որոշում իր ճակատագիրը, իսկ Հայաստանը սատարում է կամ չի սատարում, բայց, հիմնականում, սատարում է այդ որոշմանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը` խոսելով Ղարաբաղյան հարցի ու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին:
Մյուս երկու մոտեցումները, ըստ քաղաքագետի, հետևյալն են. “Մի երրորդ մոտեցում էլ վերջին տարիներին դրսևորում են Հայաստանի իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում: Դա մոտավորապես այսպիսին է. մենք բանակցում ենք, ի վերջո Արցախը մեր բանակցության արդյունքը պետք է ընդունի, և եթե Ադրբեջանը ինչ-որ մի սխալ բան անի, մենք անմիջապես կճանաչենք Արցախի անկախությունը: Այսպիսի մի բացահայտ հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը Ալմա-Աթայում: Չորրորդ մոտեցումն այն է, ինչ մենք հիմա քննարկում ենք, դա Դաշնակցության մոտեցումն է, համաձայն որի, լավ կլինի, որ Արցախի անկախությունը սկզբից ճանաչվի ոչ թե Հայաստանում, այլ միջազգային հանրության կողմից”:
Աղայանը համոզված է, որ այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը բացարձակ անընդունելի է, քանի որ այսօր այդ ճանաչումը միայն մեկ իմաստ ունի, այն է` նրա անկախությունը Հայաստանից, որովհետև Ադրբեջանից ԼՂՀ-ն շատ վաղուց էր անկախ. “1989 թվակյանի դեկտեմբերի 1-ի որոշումով, այս 20-ից ավել տարիների փաստացի իրողությամբ, Արցախը Ադրբեջանից վաղուց անկախ է, և դա նույնիսկ Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Այդ դեպքում Արցախը Հայաստանից կանկախանա և կդառնա վիճելի տարածք”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1870 անգամ:
Print Friendly

Leave a Reply