ՊԵԿ քննիչը հասել է սփյուռքհայ գործարարի շենքի 12 և 13-րդ հարկերին ու կանգ առել Խուդյանի փաստաբանները պնդում են, որ այդ հարկում մի խումբ պաշտոնյանների բնակարաններն են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 30, 2012 13:29
Մաշտոցի պողոտայում 13 հարկանի շենք կառուցելու համար միլիոններ ներդրած ամերիկահայ գործարարը, որին նույն շենքից անգամ մեկ բնակարան չի հասել, ստիպված կլինի Հայաստանում ոչ մի տրամաբանական հանգուցալուծում չստացող դատական պրոցեսը տեղափոխել ԱՄՆ:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ կազմակերպված հանդիպմանը ԱՄՆ-ից հաղորդեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, որին պատկանող ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը խոշոր չափի` 139300000 դրամի վնաս հասցնելու համար: Այս գործով նախաքննությունն արդեն 1,5 տարի է շարունակվում է, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանն այդպես էլ գործարար Էդմոնդ Խուդյանին տուժող չի ճանաչում, իսկ նախաքննությունն էլ ոչ մի կերպ չի ավարտվում: Իսկ այս ընթացքում Մաշտոցի 33ա և 33/1 հասցեներում գտնվող շենքերում անհայտ բնակարանատերերի քանակն ավելանում և ավելանում է, իսկ հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում անգամ ընկերության սնանկ ճանաչվելու պարագայում:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից այսօր կազմակերպված հանդիպմանը պետք է ներկա գտնվեին ինչպես մի քանի ԱԺ պատգամավորներ, այնպես էլ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և դատախազության ներկայացուցիչներ, սակայն բացի սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի փաստաբաններից, ասուլիսին հարկ էին համարել ներկա գտնվել միայն ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ու Սփյուռքի նախարարության իրավաբանական բաժնի պետ Լուիզա Ծատուրյանը:
Սփյուռքահայ գործարարի փաստաբանները լրագրողներին ներկայացրեցին Էդմոնդ Խուդյանի գործով այս պահին”ընթացող՚ ձևական նախաքննության վերաբերյալ իրենց ունեցած տվյալները, որոնցով փաստվում է, որ ՊԵԿ քննիչը հասնելով Խուդյանի կողմից կառուցվող շենքի 12 և 13-րդ հարկերին, կանգ է առել: Ըստ փաստաբանների, պատճառն այն է, որ այդ հարկերում են գտնվում մի խումբ պաշտոնյաների կողմից առանց գումարի ձեռք բերված բնակարաններ, որոնք էլ թույլ չեն տալիս քննիչին ավարտին հասցնել նախաքննությունը: Ամերիակահայ գործարարի ներկայացուցիչները հույս ունեին այսօր գոնե ասուլիսի միջոցով ՊԵԿ և դատախազության ներկայացուցիչներից ինչ որ ինֆորմացիա կկարողանան կորղել, թե ինչ է կատարվում այս պահին գործով և դեռ քանի տարի է ձգվելու նախաքննությունը, սակայն անձինք, ովքեր գոնե ձևական պատասխաններ կարող էին տալ այս հարցերին, պարզապես չեկան:
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ԱՄՆ-ից կազմակերպված տեսակամուրջի միջոցով լրագրողներին հայտնեց, որ ՊԵԿ-ի պատասխանատու պաշտոնյաները ժամանակին կաշառք են վերցրել և գործը փակել: Շենքում շարունակվում է թալանը, բնակիչներին պարտադրելով հավելյալ գումարներ վճարելու անավարտ շինարարությունը ավարտելու համար, չնայած այդ գումարները շինարարը վաղուց է ստացել.”ՊԵԿ-ից մեզ չեն արձագանքում, հայտնում են որ գործը նախաքննության ընթացքում է, սակայն նրանց բազմաթիվ հարցերին ես անձամբ պատասխանել եմ դրվագ առ դրվագ: Ներկայացել եմ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջի ապրիլ 20-ի գրության համապատասխան, հարցաքննվել եմ, բայց չնայած նրան, որ քննիչը ստացել է իրեն հետաքրքրող պատասխանները, գործը նորից փակուղի է մտել: Դատարանը շարունակ մերժում է իմ տուժող լինելու փաստը: Քննիչի ձեռքերը կապված են կամ նա անգործության է մատնել այս ամենը, չգիտեմ թե որը: Այդ հարցով դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն պատասխան նորից չկա՚,- ասում է ամերիկահայ”գործարարը` հավելելով, որ իր ընկերությունից թալանել են 8500000: Դրանից մոտ 1 միլիոնը գործարարի մայր/անձնական գումարն է եղել, 1500000-ը պետական հարկը. 2000000-ը գնորդներինը, 1800000-ը գործարարի օգուտը:
Ամերիկահայ գործարարի ներկայացուցիչների խոսքով` այս տարվա ապրիլին Խուդյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում. դա առերես հարցաքննություն է եղել ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանի հետ, ով թալանի մասնակիցներից մեկն է:”Առերես հարցաքննության ժամանակ Եսայանը ընդունել է, որ կեղծել է Խուդյանի ստորագրությունները, նա ինքը խնդրել է իրեն ձերբակալել, պարզ է թե ինչու, բայց էլի ոչ մի քայլ՚,- ասում է Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Իսկ Էդմոնդ Խուդյանն իր հերթին հավելում է, որ Էդուարդ Եսայանը այստեղ ընդամենը ամենափոքր զինվորն է, գործի բացահայտմանն այլ խոչընդոտողներ կան և հափշտակողներն էլ շատ են:”Ես միայն կարող եմ հաստատ ասել, որ կան անձինք, ովքեր թույլ չեն տալիս, որ այս ամենը բացահայտվի: Թող Ազգային անվտանգության ծառայությունը պարզի, թե ովքեր են նրանք՚”,- ասում է գործարարը:
Ինչ կարող է այս հարցում անել Սփյուռքի նախարարությունը, առայժմ պարզ չէ: Փոխնախարար Դավիթ կարապետյանի խոսքով իրենք կարող են միայն իրավաբական խորհրդատվություն տալ իրենց դիմած սփյուռքահային և աջակցել մինչ այն պահը, քանի դեռ գործը չի հասել դատարան: Այնպես որ այս դեպքում նախարարությունից ոչինչ ակնկալել հնարավոր չէ.”Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավական դաշտում այս հարցն իր հանգուցալուծումը գտնի և հանցագործները պատժվեն”,- ասուլիսի ընթացքում նշեց փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները հավելում են, որ եթե ի վերջո խնդիրը Հայաստանում լուծում չստանա, Էդմոնդ Խուդյանը ստիպված կլինի այն տեղափոխել ԱՄՆ, ինչի մասին ինքը Խուդյանը ցավով է խոսում:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ






Facebook
Tweet This
Email This Post
