«ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը՝ նոյեմբերի 2-ին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 30, 2012 13:45
Նոյեմբերի 2-ին, ժամը 16-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը՝ ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների թիմերի միջև:
Մրցաշարի կիսաեզրափակիչ երկու հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 26-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում: Հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ դատախազության թիմերը: ՀՀ պաշտպանության նախարարության հավաքականը 11-մետրանոցների հարվածաշարով 9:8 հաշվով հաղթեց ՀՀ ոստիկանության թիմին և վաստակեց եզրափակչի ուղեգիր: Այդ թիմերի մրցամարտի հիմնական և լրացուցիչ խաղաժամանակները հաղթողին ի հայտ չէին բերել` 3:3:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ ՀՀ դատախազության թիմի նկատմամբ:
Ֆուտբոլային մրցաշարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների հավաքականներ: Թիմերը բաժանված են եղել 2 ենթախմբերում՝ 7-ական հավաքականներով: Խաղերը կայացել են Երևանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակ և Աբովյան քաղաքների մարզադաշտերում:
«ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մրցաշարի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, անմիջական կազմակերպիչը և անցկացնողը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որը տրամադրում է մրցավարական կազմը և մարզագույքը:
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման նպատակն է` նպաստել պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, նրանց շրջանում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը և աշխատանքային-բարեկամական կապերի ամրապնդմանը:
«ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը որպես խրախուսանք կստանան համապատասխանաբար 600 հազար, 400 հազար և 200 հազար դրամ պարգևավճարներ, գավաթներ և մարզահագուստներ:






Facebook
Tweet This
Email This Post
