“Համաշխարհային հմտություններ” միջազգային մրցույթի ազգային փուլի հաղթողները պարգևատրվել են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2012 14:15

2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան ներկայանալ և իրենց հմտություններով մրցակցել 61 երկրների ուսանողների հետ՝ “Համաշխարհային հմտություններ” 42-րդ միջազգային մրցույթում:

Ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն մասնագիտությունների գծով “Հայաստանի հմտություններ” ազգային մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներն այսօր պարգևատրվել են շնորհակալագրերով և համապատասխան խրախուսական մրցանակներով:

Մրցույթի հաղթողներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.”Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակյալ աշխատուժի պակաս: Երկար տարիներ մեր հասարակության երիտասարդ հատվածը համակված էր մի մոլուցքով` բոլոր հնարավոր միջոցներով ստանալ բացառապես բարձրագույն կրթություն: Արդյունքում` նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է, որովհետև չի տիրապետում համապատասխան հմտությունների և չի կարողանում իր տեղը գտնել աշխատաշուկայում: Ուրախալի է, որ վերջին տարիների ընթացքում պետությունը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի միջին մասնագիտական կրթության ոլորտը դուրս գա հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերի ստվերից, վերաարժևորվի և գտնի իր արժանի տեղը: Ուստի, պատահական չէ, որ վերջին տարիներին մասնագիտական կրթության այս հատվածը դարձել է առավել գրավիչ. միայն այս տարի 11 հազար երիտասարդի` կրթությունը շարունակելու ընտրությունը կանգ է առել միջին և նախնական մասնագիտական կրթօջախների վրա, որոնք սկսել են իրականում մատուցել աշխատաշուկայում պահանջված, գործատուների կողմից ակնկալվող կրթության մակարդակ”,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ հետագա բարեփոխումների իրականացման համար նախարարությունն ակնկալում է միջազգային և տեղական գործընկերների աջակցությունը:

“Վերջին տարիներին պետությունը 50 տոկոսով ավելացրել է անվճար տեղերի քանակը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, տասնյակ քոլեջներ վերազինվել են, վերանորոգվել, ամբողջությամբ վերանայվել է կրթական բովանդակությունը` մշակվում են կրթական նոր չափորոշիչներ, շարունակվում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` կրթական ծառայություներն ավելի որակյալ և նպատակային դարձնելու համար: Նախարարության համար չկան սիրելի և խորթ զավակներ կրթության ոլորտում. պետական քաղաքականությունը շարունակելու է լինել կառուցողական` ձևավորված պահանջարկի բավարարման և կրթության մակարդակի բարձրացման վրա”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ “Համաշխարհային հմտություններ” միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները պատշաճ կներկայանան:

Ազգային փուլի հաղթողներին պարգևներ են հանձնել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ինչպես նաև  ՀՀ  Առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի գործատուների միության և այլ սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ:

Վերոնշյալ համաշխարհային կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ վականին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, “Հայաստանի հմտություններ” նախագծի շրջանակներում:

“Հայաստանի հմտություններ” նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply